15/06/2022 19:30
«Երեխաս լավ չի ուտում». Ախորժակի բացակայության պատճառները սննդաբանից
Երեխաների մոտ հաճախ նկատվող ախորժակի հետ կապված խնդիրները գլուխ են բարձրացնում ամռանը՝ հիմնականում պայմանավորված շոգ եղանակով։
Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է սննդաբան Դիանա Մելիքյանի հետ՝ հասկանալու վատ ախորժակի պատճառնոերն ու կանխարգելման միջոցները։
«Սկզբից ճիշտ է պարզել, թե ինչով է դրսևորվում ախորժակի բացակայությունը։ Հաճախ տեսնում ենք, որ երեխան հրաժարվում է որոշ մթերքներից, բայց պատրաստակամորեն ուտում է մյուսները։ Ակնհայտ է, որ ընտրովի ախորժակի խնդիրն ուղղակիորեն կապված է այլ հարցի՝ կամակորության և սեփական կարծիքը պնդելու հետ, որը տարածված երևույթ է երեխաների շրջանում», - ասաց սննդաբանը։
Երեխայի մոտ ուտելու սովորությունների ձևավորումը մեծապես կախված է մեծահասակների օրինակից։ Դժվար է երեխայից պահանջել առողջ սնունդ ընդունել, երբ հայրիկը, սովորաբար, սենդվիչներ է ուտում, իսկ ընտանիքը երբեք չի հավաքվում ճաշի սեղանի շուրջ:
Երեխաների սննդային կարիքները մեծապես կախված են նաև ֆիզիկական ակտիվության, աճի, ջերմության արտադրության և վարակների դեմ պայքարից: Էներգիայի կարիքների տարբերությունների հետ մեկտեղ, յուրաքանչյուր երեխա ունի մարսողության իր հնարավորությունները (սննդի բաժանում և կլանում), նյութափոխանակության իր մակարդակը: Եվ կախված դրանից, նույն տարիքի երեխաների սննդի կարիքը նույնպես կարող է զգալիորեն տարբերվել։
Սննդաբան Դիանա Մելիքյանը նշեց, որ երեխայի սնուցման համարժեքության չափանիշը ոչ թե նրա կերած սննդի քանակն է, այլ զարգացման մակարդակը՝ աճի տեմպերը, գիրության աստիճանը, նրա մոտ նոր հմտությունների ի հայտ գալը։
«Սխալ, սակայն, ցավոք, տարածված պրակտիկա է երեխաներին ստիպելով կերակրելը, քանի որ նորմալ մարսողության համար բավարար չէ, որ սնունդը ստամոքսում հայտնվի: Անհրաժեշտ է, որ այն ախորժելի տեսք և համեղ հոտ ունենա, առաջացնի ստամոքսաղիքային հյութերի արտազատում։
Ստիպողաբար ընդունված սնունդը վատ է մարսվում, ամբողջությամբ չի ներծծվում, ինչպես նաև խաթարում է մարսողական տրակտի ռեֆլեքսային ակտիվությունը և նպաստում դրա հիվանդությունների զարգացմանը:
Դե իսկ պատժի սպառնալիքով երեխային կերակրելը լրիվ անընդունելի է։ Վախի ազդեցության տակ հիմնականում դադարում է մարսողական հյութերի արտադրությունը, առաջանում են ստամոքսի և աղիների սպազմ, հնարավոր են փսխումներ», - մանրամասնեց սննդաբանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։