15/06/2022 20:00
Ողնաշարային թեքումներ. ախտանշանները, բուժումը
Առանձնացնում են ողնաշարային թեքումների երեք տեսակ՝ սկոլիոզ, կիֆոզ և լորդոզ, թեքումները կարող են լինել բնածին և ձեռքբերովի, առավել հաճախ հանդիպում է աղջիկների մոտ։
Ախտանշանները՝
• Ողնաշարի առանցքի տեսանելի ձևափոխություն
• Թիկունքի աջ և ձախ կեսերի ասիմետրիա
• Գոտկային եռանկյունիների ասիմետրիա
• Ուսագոտիների և թիակների բարձրության տարբերություն
• Ողնաշարի կրծքային հատվածում կուզ
Հիվանդության պատճառագիտությունը լիարժեք նկարագրված չէ։ Բազմապատճառ հիվանդություն է, առավել հաճախ պատճառ է դառնում հղիության առաջին շաբաթներում ողնաշարի ձևավորման ժամանակ պտղի թթվածնաքաղցը։
Անհայտ պատճառի սկոլիոզ՝ հենց այս տեսակն է, որ առավել հաճախ ախտահարում է երեխաներին։ Պատանեկան իդիոպատիկ սկոլիոզը մոտ 80 տոկոս դեպքերում դրսևորվում են աղջիկների դեպքում։ Ուստի տարածված կարծիքները, թե ծանրաբեռնվածությունը, նստելու, պառկելու դիրքն են պատճառը, տեղին չեն, այլապես հիվանդության բարձր ցուցանիշ պիտի լիներ նաև տղաների դեպքում։
Գրականությունում պատճառագիտության 5-ից 20 տոկոս տրվում է ժառանգական նախատրամադրվածությանը։
Կարևոր է, որ ծնողները ժամանակին հայտնաբերեն թեքումները։ Երկու-երեք ամիսը մեկ պետք է գնահատել երեխայի ուսերի բարձրությունը, թիակների բարձրությունը։ Թեքումներ հայտնաբերելու համար օգտակար է նաև կանգնած դիրքով առաջ կռանալու վարժությունը. պետք է համեմատել թիկունքի աջ և ձախ կեսերի բարձրությունը՝ նույն հարթության մեջ են թե ոչ, նույնը գոտկային հատվածում։
Փոքր անհարթություններ նկատելու դեպքում անմիջապես պետք է բժշկի դիմել։
Ախտորոշման ամենաարդյունավետ և անփոխարինելի տարբերակ համարվում է ռենտգեն հետազոտությունը։
Բուժման երկու հիմնական մեթոդ կա՝ կոնսերվատիվ և վիրաբուժական:
Մինչև 20 աստիճան կորությունների որոշ մասը կարող է դադարել, երբեք չխորանալ, նույնիսկ բարելավվել։ 20-ից բարձր կորությունների դեպքում, երբ երեխան դեռ լիարժեք չի հասունացել, կիրառվում է կոնսերվատիվ բուժում՝ յուրաքանչյուր երեխային պետք է նշանակել համապատասխան կորսետ՝ կառավարելի դարձնելու ողնաշարի աճը։
Վիրահատություն ցուցված է, երբ կա ագրեսիվ կորություն։ Եթե աճը ավարտվել է և կա 40 աստիճան և ավել կորություն, պետք է վիրահատել՝ ստաբիլիզացնելու ողնաշարը, ինչպես նաև կոսմետիկ բարելավման համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։