15/06/2022 13:11
Ի պատիվ ընդդիմադիր մեր որոշ գործընկերների սառնասրտության՝ նորից դուրս ենք գալիս ճգնաժամային իրավիճակից. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, թե ընդդիմությունը ազատել է Ֆրանսիայի հրապարակը, քանի որ տեսել են՝ չեն հասնում այն արդյունքին, որին ուզում էին՝ իշխանափոխություն:
«Ի պատիվ ընդդիմադիր մեր որոշ գործընկերների սառնասրտության, ի պատիվ իրավապահ մարմինների ճշգրիտ գործունեության ու նաև իմ թիմի հետևողական մոտեցման՝ մենք միասնաբար, որպես ազգ, նորից դուրս ենք գալիս ճգնաժամային իրավիճակից», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Աղազարյանը: ՔՊ-ական պատգամավորը համաձայն է այն թեզի հետ, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա, բայց, նրա խոսքով, հիմա իրավիճակն այնպիսին է, որ իրենք չեն պարտվել, կամ՝ պարտությունը միայն իրենց մեղքով չէ:
«Հետևաբար, այդ թեզը չի աշխատում: Ընդդիմադիր մեր գործընկերներն անհանգստացած էին իշխանության կողմից վարվող քաղաքականությամբ։ Այդ անհանգստությամբ դուրս եկան ժողովրդին իրազեկելու, ժողովուրդը չանսաց, դա նշանակում է, որ ժողովուրդը վստահում է իշխանության վարած քաղաքականությանը», - նշեց նա: