15/06/2022 13:45
Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է՝ «Դիմադրության» շարժումը չի դադարեցնելու փողոցային պայքարը
«Դիմադրության» շարժումը չի դադարեցնելու փողոցային պայքարը, նոր թափով շարունակելու է այն:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում վստահեցրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը.
«Բոլորին կոչ եմ անում մեկ անգամ ևս լսել իմ երեկվա ելույթը, այնտեղ բոլոր հարցերի պատասխանները շատ մանրակրկիտ և հանգամանալից կան, իմ ելույթում խոսել եմ փողոցային պայքարը շարունակելու, նոր թափ ու ուժ հաղորդելու, հզորացնելու մասին, մնացած անմիտ խոսակցություններին արձագանքելու ո՛չ ժամանակ կա, ո՛չ էլ իմաստ:
Մանրամասն ամեն բանի մասին խոսվել է՝ սկսած պատասխանատվությունից՝ վերջացրած ճանապարհային քարտեզից, միայն խոսվել է պայքարը ուժեղացնելու և ընդլայնելու մասին, մնացածը ինչ-որ մարդկանց երևակայության արդյունք է», - ասաց նա:
«Դիմադրության» շարժման համակարգող Սաղաթելյանը հավելում է՝ փողոցային պայքարը շարունակելուն զուգահեռ՝ շարժման կառուցվածքային վերափոխման ու ընդլայնման աշխատանքներ են իրականացվելու:
Հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում խորհրդարան վերադառնան՝ Սաղաթելյանն ասաց. «Խորհրդարանում կլինենք բացառապես մեր և ժողովրդի օրակարգով, այս պահին ինչ-որ տեղի է ունենում խորհրդարանում ո՛չ մեր, ո՛չ էլ ժողովրդի օրակարգի հետ կապ չունի, հետևաբար, մենք չենք կարող այնտեղ գնալ, այսօր ժողովրդի օրակարգը փողոցում է, մենք այդ օրակարգի տերն ենք»:
Հիշեցնենք, որ «Դիմադրության» շարժումը երեկ Ֆրանսիայի հրապարակից հեռացրեց մայիսի 1-ին այնտեղ տեղադրված վրանները: