15/06/2022 10:56
Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: ՀՀ գլխավոր դատախազը կմասնակցի հունիսի 15-18-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվող 25-րդ հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովին։
Այցը տեղի է ունենում համաժողովի կազմկոմիտեի փոխնախագահ, պատասխանատու քարտուղար, ՌԴ նախագահի խորհրդական Անտոն Կոբյակովի, ինչպես նաև ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով:
Արթուր Դավթյանը մասնակցություն կունենա համաժողովի շրջանակում կայանալիք «Պաշտպանվելու իրավունք. գործարարությունը Ռուսաստանում և արտերկրում» թեմայով պանելային քննարկմանը, որի ընթացքում կքննարկվեն տարբեր երկրներում ազատ գործարար հարաբերությունների և արտաքին ներդրումների իրավական պաշտպանության կառուցակարգերի, դրանց արդյունավետության ապահովման միջազգային փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:
Համաժողովի շրջանակում նախատեսված է նաև երկկողմ հանդիպում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ: