15/06/2022 14:54
«Հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել». Փաշինյանը վստահեցնում է՝ Արցախին մենակ չեն թողել
2021 թվականի ողջ ընթացքում «ծայրահեղ ընդդիմությունը» երկու հիմնական թեզ էր զարգացնում, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջինը, որ ՀՀ կառավարությունը միայնակ է թողել Արցախին, երկրորդ՝ նրանք պահանջում էին որդեգրել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» բանաձևը՝ փորձելով հիմնավորել, որ հենց սա է եղել իրենց իշխանավարության տարիներին իրենց կողմից իրականացվող քաղաքականությունը ու, եթե այսօրվա իշխանությունը սա չի որդեգրում, ուրեմն դավաճանություն է գործում Արցախի հարցում», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այսօր «ծայրահեղ ընդդիմության» դիրքում գտնվում են մարդիկ, ովքեր 1998 թվականից մինչև 2018 թվականը եղել են իշխանության ղեկին ու նրանք են զարգացնում վերոնշյալ թեզերը: Վարչապետն ասաց, թե 2021-2022 թվականներին Արցախի բյուջեն հասել է աննախադեպ մեծության ու ՀՀ կառավարության բյուջետային աջակացությունը Արցախին հասել է աննախադեպ մեծության:
«2019 թվականին Արցախի բյուջեն կազմել է 117,9 միլիարդ դրամ, որն ամենաբարձրն է եղել միջպատերազմական ողջ շրջանում, այսինքն՝ 1990-ականներից սկսած», - ասաց նա:
2021թվականին Արցախի բյուջեի եկամտային մասը եղել է 174 միլիարդ դրամ, որից 128 միլիարդ դրամը Հայաստանի վճարած գումարն է, այսինքն՝ հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել:
«Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, Հայաստանը երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակացություն չի ցուցաբերել», - ասաց Նիկոլ Փաշինյանը: