15/06/2022 18:50
Մարիա Զախարովայի հայտարարությունը նշանակում է՝ ԼՂ խնդիրը չի լուծվել, շարունակում է գոյություն ունենալ. Քաղտեխնոլոգ
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը պետք է ընկալել այն դիրքերից, որ անկախ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքներից՝ ԼՂ խնդիրը չի լուծվել և շարունակում է գոյություն ունենալ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Ադրբեջանը հայտարարում է, որ հարցը լուծվել է պատերազմի ընթացքում, և ԼՂ խնդիր, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի։ Բայց Ռուսաստանը բազմիցս նշել է, որ ինքն այդ տեսակետին համաձայն չէ, և սահմանազատման գործընթացը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապ չունի։
Իսկ ինչո՞ւ են Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշումներն այս հարցում այսքան տարբեր. որովհետև սահմանագծման և Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Ադրբեջանը կարող է ՌԴ-ին ստիպել Արցախից դուրս բերել խաղաղապահներին»,- ասաց քաղտեխնոլոգը։
Նման սցենարի դեպքում, ըստ Բադալյանի, արցախահայությունը մեկ գիշերվա ընթացքում ստիպված է լինելու լքել իր հայրենիքը, իսկ Ռուսաստանն իր հերթին կորցնելու է բոլոր լծակները։
«Չկա ռուս խաղաղապահների հարց, չկա նաև Արցախի հարց։ Սա նշանակում է, որ Ադբեջանը կարող է հայտնվել Արևմուտքի վերահսկողության տակ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Սա, բնականաբար, չի կարող ՌԴ-ի համար շահեկան լինել, դրա համար էլ ռուսական կողմն անընդհատ հասկացնում է՝ «Հայաստան և Ադրբեջան, որքան էլ սահմաններ գծեք, միևնույն է, Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է մնում։ Իսկ քանի դեռ կարգավիճակի հարցը լուծված չէ, ռուսական խաղաղապահ զորքը շարունակելու է մնալ Արցախում»,- ասաց Արմեն Բադալյանը։
Հիշեցնեք, որ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը կապված չէ «ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում իրավիճակի հետ»։