15/06/2022 17:00
«Սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը կապ չունի ԼՂ-ում ռուս խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում իրավիճակի հետ»․ Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի նիստն ու կողմերից սպասում է առաջարկների՝ հանդիպման ժամկետների մասին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ողջունեցինք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը, որը տեղի ունեցավ մայիսի 24-ին։ Պայմանավորվեցինք, որ երկրորդ հանդիպումը կանցկացվի Մոսկվայում։ Պատրաստ ենք մեր կողմից կազմակերպել հանդիպումը՝ ամենամոտ ժամանակներս, ժամկետի շուրջ առաջարկների ենք սպասում հայ և ադրբեջանցի գործընկերներից։ Մենք մեր կողմից պատրաստ ենք»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը կապված չէ «ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում իրավիճակի հետ»։
«Միևնույն ժամանակ ակնկալում ենք, որ հանձնաժողովի գործունեության մեկնարկն ու համակարգված աշխատանքը կնպաստեն Երևանի և Բաքվի միջև վստահության բարձրացմանը և միջադեպերի բացառմանը՝ ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում»,- ասել է Զախարովան։