15/06/2022 17:40
Լավրովը Բաքվում կքննարկի Ադրբեջանի հետ դաշնակցային փոխգործակցության ու եռակողմ պայմանավորվածությունների իրագործման հարցերը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ը աշխատանքային այցով կլինի Ադրբեջանում, որտեղ նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, ինչպես նաև հանդիպում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նախատեսվում է քննարկել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին համապատասխան՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ամբողջ շրջանակը»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ երկու երկրների արտգործնախարարները կքննարկեն նաև միջազգային ու տարածաշրջանային արդիական հարցեր, հատուկ ուշադրություն կհատկացվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների (ՌԴ-Հայաստան-Ադրբեջան) իրագործման խնդրին։