15/06/2022 19:51
«Առանց աչքը թարթելու, ՀՀ ԱԺ բարձրադիր ամբիոնից հնչեցնում է ադրբեջանական կողմի բանակցային տեսակետը»․ Արցախի ԱԺ պատգամավորի արձագանքը՝ Փաշինյանի ելույթին
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին․ խորհրդարանում Փաշինյանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի,«խաղաղության օրակարգի», հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեի վերաբերյալ կրկին հայտարարություններ է արել։
«Միամտություն էր հավատալ, որ հայկական իշխանությունը զավթած, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերի պաշտպանին կարելի էր ստիպել հայամետ քաղաքականություն վարել:
Առանց աչքը թարթելու, ՀՀ ԱԺ բարձրադիր ամբիոնից հնչեցնում է ադրբեջանական կողմի բանակցային տեսակետը՝ ներկայացնելով որպես հայկական կողմի մինչ 2018 թ.-ը վարած բանակցային գործընթաց:
Առանց ամոթ զգալու, խրոխտ ու հպարտ խոսում է Արցախին տրված «աննախադեպ» բյուջեյի մասին, որը ինքնախոստովանանք է, որ Արցախի կործանման իր գինն է վճարում: Եվ վերջում առանց վարանելու նշում է, որ Հայաստանի Հանրապետության ստրուկի կարգավիճակում լինելու գինը ամբողջ Արցախը թշնամուն նվիրելն է լինելու և հենց դրանում է լինելու Հայաստանին իր բերած «փառքը»:
Ինձ համար ցավ է, մեծ ցավ, որ այս անձը իր հույսը դրել է ոչ բավարար ինքնագիտակցություն ունեցողների վրա և, ըստ իրեն, այդպիսիները բացարձակ մեծամասնություն են:
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանն ու նրա տերերը իրենց հաշվարկներում մի կարևոր բացթողում ունեն. Հայաստանում, Արցախում և Սփյուռքում արժանապատիվ, ազգային մտածողությամբ, ազգային արժեքներ կրողները թույլ չե՛ն տալու, որ ապազգայինն ու հակահայկականը հաղթի: Իսկ խաղաղության օրակարգը հայկական է լինելու և արժանապատիվ, հանուն որի չխնայեցին իրենց մեր հերոս նահատակները: Այս իշխանությունից ազատվելը յուրաքանչյուրիս օրախնդիրն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մետաքսե Հակոբյանը: