15/06/2022 18:11
Կրասնոդարում արգելել են օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ներգրավել 129 ոլորտում
Կրասնոդարի իշխանությունները, տեղի աշխատաշուկան պաշտպանելու և ՌԴ քաղաքացիների զբաղվածությունն ապահովելու նպատակով, որոշում են կայացրել արգելել օտարերկրյա քաղաքացիների ներգրավումը 129 ոլորտում։ Համապատասխան որոշումը ստորագրել է Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Որոշման համաձայն, արգելվում է արտոնագրերի հիման վրա աշխատող օտարերկրյա քաղաքացիներին ներգրավել տնտեսական գործունեության 129 տեսակում։ Դրանց թվում են արտադրության, առևտրի, կրթության, հանրային սննդի, տրանսպորտային փոխադրումների ոլորտները, տրանսպորտային միջոցների վերանորոգման և սպասարկման ծառայությունը, անձնական այլ ծառայությունների մատուցումը»,- հայտնել է Կրասնոդարի երկրամասի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Կրասնոդարի երկրամասի վարչակազմի միգրացիոն վարչության պետ Ալեքսանդր Բոլդինը նշել է, որ արգելքն ուղղված է ներքին աշխատաշուկան պաշտպանելուն, ռուսաստանցիների զբաղվածության ապահովումը որպես գերակայություն դիտելուն։
Հաստիքներն ու աշխատակազմերը վերը նշված փաստաթղթին համապատասխանեցնելու համար գործատուներին երեք ամիս ժամանակ է տրվել։