15/06/2022 12:51
Անցած տարի ատոմակայանն առաջին անգամ սկսել է աշխատել հնարավորության 98 տոկոսի չափով. Գնել Սանոսյան
Խոշորացման գործընթացի արդյունքում 441 բնակավայր միավորվել է 38 համայնքային փնջերում, Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Ըստ նրա՝ գործընթացը դրական էֆեկտներ է տալիս ու դրանք տեսանելի են՝ սկսած ծախսերի կրճատումից, համայնքների կողմից ավելի հավակնոտ ծրագրերից, և այլն: 2021 թվականին համայնքների համար, որպես դոտացիա, տրամադրվել է 64,6 միլիարդ դրամ: 2021 թվականի համար Գնել Սանոսյանը կարևոր ձեռքբերում է համարում էներգետիկ բնագավառի ռազմավարության ընդունումը, որը մինչև 2040 թվականն է:
«Հիմա մեր բոլոր գործողությունները բխում են այդ ռազմավարությունից: Նախորդ տարի կարևոր էր «Արմփաուեր» 254 մեգավատ հզորությամբ ջերմային էլեկտրակայանների շահագործման հանձնելը, որը մեր էներգետիկ համակարգում կարևոր դեր ունի։ Մեծ ներդրում եղավ՝ շուրջ 250 միլիոն դոլարի ներդրում էր, բազմաթիվ աշխատատեղեր ստեղծվեցին, ու այս ջերմակայանի ՕԳԳ-ն է բարձր», - ասաց նա:
Նախարարը նշեց, թե կարևոր դիտարկում ունի ատոմակայանի հետ կապված: «Ամեն տարի որոշակի պարբերականությամբ ատոմակայանը կանգնում է, որոշակի վերանորոգման փուլ է անցնում։ Նախորդ տարի բավական ծավալուն փուլ էր, կարևոր հատվածներում փոփոխություններ տեղի ունեցան, վերջում մի կարևոր ձեռքբերում ունեցանք՝ 1995 թվականից սկսած՝ ատոմակայանն աշխատել է իր հզորության 92 տոկոսի չափով, իսկ անցած տարի կապիտալ փոփոխություններից հետո առաջին անգամ սկսել է աշխատել հնարավորության 98 տոկոսի չափով», -հայտարարեց Գնել Սանոսյանը: