15/06/2022 10:35
2021-ին ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են՝ պայմանավորված տնտեսության վերականգնման և դրա արդյունքում հարկային եկամուտների աճով. Նախարար
2021 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն աճել են՝ պայմանավորված տնտեսության վերականգնման և դրա արդյունքում հարկային եկամուտների աճով, Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 1 տրիլիոն 683,8 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատությամբ աճելով 7,9 տոկոսով, իսկ ճշտված ծրագրի նկատմամբ եկամուտների կատարողականը կազմել է 99,6 տոկոս:
«Եկամուտների 94,2 տոկոսը ձևավորել են հարկային եկամուտները՝ 1 տրիլիոն 587 միլիարդ դրամ չափով, ինչը 2021 թվականի համախառն ներքին արդյունքի 22,7 տոկոսն է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ հարկերն աճել են 14,6 տոկոսով՝ հիմնականում հարկման բազաների, սպառման ու ներմուծման աճի հաշվին, ինչպես նաև դրոշմանիշային վճարների ու խտանյութերի արտահանման տուրքի ներդրման արդյունքում: Տարվա հարկային եկամուտները մոտ 147 միլիարդ դրամով ավելին էին, քան սկզբնապես պլանավորված է եղել տրավ բյուջեով», - ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ ճշգրտված բյուջեի հարկային եկամուտների ծրագիրը կատարվել է 100,2 տոկոսով: 2021 թվականին վերադարձված ԱԱՀ-ի դեբետային մնացորդների գումարը կազմել է 146,2 միլիարդ դրամ՝ 2020 թվականի նկատմամբ գերազանցելով 21,9 տոկոսով կամ՝ 26,3 միլիարդ դրամով: Տարվա երկրորդ կեսից՝ ԱԱՀ-ի դեբետային գումարները հարկ վճարողներին են վերադարձվում այլևս ամսական պարբերականությամբ:
«Այժմ մենք փաստում ենք, որ 2021 թվականն ավարտել ենք այնպիսի քաղաքականությամբ ու փաստացի արդյունքներով, որ նման բնույթի բոլոր վճարները վերադարձված են մասնավոր հատվածին», - ասաց ՀՀ ֆինանսների նախարարը: