15/06/2022 13:36
Լարսում մնացած մեքենաների քանակը 400-ից 500-է. սպասարկող լրացուցիչ կետ կտեղադրվի, ԵԱՏՄ-ի մեքենաներն էլ արտոնություն կունենան. Գնել Սանոսյան
Վերին Լարսի անցակետում հերթերի խնդրին լուծում տալու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել լրացուցիչ կետ տեղադրել գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որն օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել, Ազգային ժողովում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ որոշակի արտոնություն կլինի ԵԱՏՄ երկրների բեռնատարների համար:
«Խնդիրը բավականին օբյեկտիվ է՝ հաշվի առնելով, որ Սև ծովում նավով շատ բեռների տեղափոխումը փոխադրվել է ցամաք, ինչի հետևանքով Լարսում առաջացել է այս խնդիրը: Ակնհայտ է, որ բոլոր կողմի գործընկերները բավականին ջանքեր են գործադրում այս իրավիճակից դուրս գալու ուղղությամբ», - ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ եթե անցակետի թողունակությունը օրական 400 է, բայց սպասարկում է 700 մեքենա, շատ բանի մասին է խոսում:
Նա հիշեցրեց, որ շաբաթ օրը ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը և ՊԵԿ-ի պաշտոնյաները եղել են Լարսի անցակետում, ռուս և վրացի գործընկերների հետ բազմաթիվ քննարկումներ են ունեցել՝ վիճակն ավելի բարելավելու ուղղությամբ:
«Հետևյալ պայմանավորվածութունն ունենք՝ մոտ ժամանակներս ՌԴ կառավարության համապատասխան որոշմամբ լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որն օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել, նաև որոշակի արտոնություն կլինի ԵԱՏՄ երկրների համար: Արտոնությունը շատ ավելի մեծ է ԵԱՏՄ երկրների համար, մասնավորապես, մեզ համար», - ասաց Սանոսյանը:
Նախարարը նշեց, թե հերթում սպասող մեքենաների քանակը բավականին մեղմվել է. խնդիր կար ժամանակին նաև Ռուսաստանից Վրաստան անցնելու ուղղությամբ, այս պահին այդ խնդիրը գրեթե չկա, մեկ օր են մեքենաները մնում, իսկ մյուս ուղղությամբ մեքենաների քանակը 400-500-ի սահմաններում է: