15/06/2022 15:40
Պարտության զանգը 2020-ի նոյեմբերի 9-ին չի հնչել, այլ՝ 2016-ի ապրիլին, երբ հայկական կողմն անառիկ համարվող բարձունք ու տարածքներ կորցրեց. ՀՀ վարչապետ (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, թե, իր ժառանգած բանակցային տրամաբանության համաձայն, առանց Ադրբեջանի համաձայնության՝ Լեռնային Ղարաբաղը չէր կարող Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ստանալ՝ ներառյալ միջանկյալը:
«Հենց սրանում է եղել տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների համադրման տրամաբանությունը, որովհետև եթե դու ուզում ես ազգերի ինքնորոշման սկզբունքի իրացմամբ անկախություն ստանալ՝ տարածքային ամբողջականության սկզբունքը չխախտելով, ինչը դրված է Մադրիդյան սկզբունքների հիմքում, դրա միակ ճանապարհն այն է, որ տարածքային ամբողջականության սուբյկետը համաձայնվի քո անկախության հետ: Սա է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշումը, ինչի վերաբերյալ նրանք ինձ անձամբ են ասել», - ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանագության մեջ չի նշվում, թե հանրաքվեն Լեռնային Ղարաբաղում է տեղի ունենալու, ասվում է, որ ԼՂ ամբողջ բնակչությունը մասնակցելու է հանրաքվեին: Վարչապետը նշեց, թե նման բանակցային ժառանագությունն է պատերազմի հիմքեր ու պատերազմական կոնտեքստ ստեղծել և պատերազմի պատճառ դարձել:
«Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը պետք է շատ հստակ պատասխան տա՝ այդ ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանն անիրատեսական ու անընդունելի պահանջներ ներկայացնելու հնարավորություն ստացավ բանակցային գործընթացում՝ ի հեճուկս այն բանի, որ ՀՀ նախկին իշխանությունները երկար տարիներ համոզում էին, թե բանակցությունները նորմալ են ընթանում, ու մենք շարժվում ենք դեպի մեր նպատակների իրագործում», - հայտարարեց Փաշինյանը:
Նա ասաց, թե 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո մարդիկ վերջնականապես հասկացան, որ իրենց 25-ամյա զոհողությունները հայոց բանակի ու պետականության հզորացմանը չեն ծառայել, այլ՝ մի շարք հայտնի մարդկանց հարստացմանն ու ոսկեզօծ կյանքին: Փաշինյանը վստահեցրեց, թե ինքն ու իր թիմը Ղարաբաղի հարցի հայկական բովանդակությունը փրկելու հուսահատ կռիվ են տվել ու իրենց վրա են վերցրել պարտության պատասխանատվությունը:
«Չնայած մեր վրա ենք վերցրել պարտության պատասխանատվությունը, արդարամիտ հայ ժողովուրդը հասկացել է, որ այդ պարտությունը մեկ կամ երկու տարում չի ծնվել, այլ՝ 25 երկարուձիգ տարիների ընթացքում, մարդիկ հասկացել են, որ պարտության զանգը 2020 թվականի նոյեմբերի 9-ին չի հնչել, այլ՝ 2016 թվականի ապրիլին, երբ հայկական կողմն անառիկ համարվող բարձունք կորցրեց ու անառիկ համարվող տարածքներ», - ասաց վարչապետը: