15/06/2022 11:20
Հավանական է, որ պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ լինի 59 տոկոսը չգերազանցող սահմանում. Ֆինանսների նախարար
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հավանական է համարում, որ նախատեսած 60,2 տոկոսի փոխարեն պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կլինի 59 տոկոսը չգերազանցող սահմանում, եթե 2022-ի վերջին փոխարժեքը լինի տարեսկզբի համեմատությամբ ավելի ցածր:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ դրամն արժևորվում է, ապա հետաքրքրվեց՝ կա՞ն գնահատականներ, թե վերջին 1-2 ամիսների ընթացքում փոխարժեքի նվազումն ինչպես կազդի արտաքին պարտքի ցուցանիշի վրա՝ թե՛ բացարձակ թվով, թե՛ պարտք-ՀՆԱ հարաբերակցության վրա:
Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, թե այդ շեղումը երկու ձևով է ազդելու:
«Եթե տարեսկզբի համեմատությամբ տարվա վերջին փոխարժեքը լինի ավելի ցածր, ապա մեր ընդհանուր պարտքի և, այդ թվում՝ կառավարության պարտքի կառուցվածքում, քանի որ ունենք մոտ 70 տոկոս արտարժույթով գնանշված կամ արտաքին պարտք, այդ պարտքի դրամային արժեքն ավելի փոքր կլինի ՀՆԱ-ի նկատմամբ, և այդ փաստը կնպաստի, որ տարեվերջին մեր կանխատեսածից ավելի ցածր պարտքի համեմատական մեծություն ունենանք ՀՆԱ-ի նկատմամբ: Մենք նախատեսում էինք այս տարեվերջին ունենալ մոտ 60.2 տոկոս, բայց, եթե այդ շեղումը բավականաչափ մեծ լինի մեր նախատեսած սկզբնական փոխարժեքային ենթադրություններից, ապա հավանական է, որ մենք ունենանք 59 տոկոսը չգերազանցող սահմանում պարտքի ընդհանուր մեծություն», - նշեց ՀՀ ֆինանսների նախարարը:
Երկրորդ ուղղությունը, որով դա կազդի, ըստ նախարարի, տոկոսավճարների վճարումն է:
«2021-ին 72.5 մլրդ դրամ վճարել ենք արտաքին պարտքի նկատմամբ ունեցած մեր տոկոսավճարային պարտավորությունները: Համապատասխանաբար, եթե միջին փոխարժեքի, օրինակ, 5 տոկոսի շեղում լինի, դա կնշանակի մոտ 3.5 մլրդ դրամի չափով խնայողություն», - հավելեց Խաչատրյանը: