16/06/2022 14:59
Ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն, որ ոչ ոք չի խոսելու ԼՂ կարգավիճակի մասին․ Ալիև
«Հայաստանից լսում ենք ձևակերպումներ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին․ դա միանգամայն անարդյունավետ է ու վտանգավոր հենց Հայաստանի համար։ Կարգավիճակի մասին ցանկացած հիշատակում կհանգեցնի նոր առճակատման», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում անցկացվող «Համաշխարհային աշխարհակարգի սպառնալիքները» միջազգային ֆորումի ժամանակ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Ալիևը կրկնել է իր այն տեսակետը, թե «Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ անվանմամբ վարչատարածքային միավոր չկա» ու հայտարարել է, որ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այսուհետ կարգավիճակի մասին հիշատակումներ չպետք է լինեն։
«Պատմությունն արդեն գրվել է, ձեռք է բերվել յուրահատուկ բանավոր պայմանավորվածություն, որ ոչ ոք չի խոսելու կարգավիճակի մասին։ Ցավոք սրտի, դա շարունակվում է և կարող է հանգեցնել լուրջ հետևանքների», - սպառնացել է Ալիևը։
Նրա խոսքով՝ «եթե Հայաստանը շարունակի հարցականի տակ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը հարցականի տակ կդնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։