16/06/2022 19:15
Ի՞նչ անել, որ դեմքի մաշկը առողջ ու գեղեցիկ երանգ ունենա
Դեմքի մաշկի որակն ու գույնը հաճախ պայմանավորված են նրանով, թե կոսմետիկ ինչ միջոցներից է օգտվում կինը։ Երբեմն, սակայն, ամենաորակյալ ու թանկ կոսմետիկան անգամ չի օգնում բարելավել մաշկն ու գեղեցիկ երանգ հաղորդել դրան։ Այս դեպքում կարող է օգնության հասնել ճիշտ սննդակարգը։
Դիետոլոգները նշում են, որ չափազանց բարակ, արագ կնճռոտվող, մոխրագույնին մոտ մաշկը կարող է հուշել, որ օրգանիզմը ջրազրկվում է։ Դեմքի մաշկի առողջ փայլն ու գույնը վերադարձնելու, որակը վերականգնելու համար սննդաբանները խորհուրդ են տալիս շատ ջուր խմել, սակայն՝ ոչ սառը, այլ մի քանի աստիճանով ավելի տաք, քան մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանն է։
Օգնում է նաև С վիտամին պարունակող մթերքը, օրինակ ցիտրուսները՝ նարինջը, թուրինջը, մանդարինը, պոմելոն և այլն։
Սակայն պետք է հիշել, որ ամեն ինչ լավ է և գեղեցիկ, երբ չափի մեջ է․ նույնիսկ օգտակար նյութեր պարունակող մթերքի չարաշահումը կարող է բացասական՝ հակառակ ազդեցության հանգեցնել։ Դեմքի մաշկի գույնը բարելավելու համար օրական 1-2 ցիտրուս ուտելը լրիվ բավարար է։
Ամինաթթուներով հարուստ սնունդը մաշկը հագեցնում է կոլագենով, այն անհրաժեշտ է տոնուսը պահպանելու և դեմքի այտուցվածությունը վերացնելու համար։ Այդ պատճառով բարձրորակ միսն ու ձուկը սննդակարգի անբաժանելի մասը պետք է դառնան։ Օգտակար են նաև բուսական սպիտակուցներով հարուստ սերմերն ու ձավարեղենը։
Ավոկադոն նույնպես օգնում է բարելավել մաշկի գույնն ու երանգը, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ չհագեցած ճարպաթթուներ և վիտամին Е, իսկ այն բնական հակաօքսիդանտ է, օգնում է, որ վերանան մաշկի վրայի բծերը, հետքերը, ակնեն։ Բացի այդ, ավոկադոն խոնավեցնում է մաշկը, արագացնում է վերականգնողական պրոցեսը, լավ միջոց է՝ կնճիռների դեմ։
Մաշկի անառողջ երանգից ազատվելու, ճարպագեղձերի բնականոն գործունեությունը վերականգնելու, լայնացած ծակոտիները նեղացնելու, բորբոքային պրոցեսները կանգնեցնելու համար պետք է քիչ օգտագործել պարզ ածխաջրերով հարուստ սննդամթերք՝հրուշակեղեն, գազավորված ըմպելիքներ, «ֆասթֆուդ», չիպսեր և այլն։ Սննդակարգը պետք է բալանսավորված լինի, բայց՝ հարուստ․ չպետք է մոռանալ բանջարեղենի, մրգերի մասին։
Պետք է սովորություն դարձնել առավոտյան ոչ թե մեկ բաժակ սուրճ, այլ մեկ բաժակ ջուր խմելը։ Օրը մեկ բաժակ մաքուր ջրով սկսելու սովորությունը կբարելավի մարսողությունը, կօգնի, որ մաշկը էլաստիկ մնա։ Շատ լավ կլինի նաև առավոտյան վարսակաձավարի (овсянка) շիլա ուտելը։ Այն բետա գլյուկան է պարունակում, որի շնորհիվ վերականգնվում են մաշկի իմունային և կոլագեն արտադրող բջիջները։
Հավկիթը նույնպես օգտակար է։ Այն պարունակում է բարձրակարգ սպիտակուցներ և վիտամին D, որը մաշկը պաշտպանում է արևի ճառագայթների վնասակար ազդեցությունից և կրճատում է կնճիռների առաջացան հավանականությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։