16/06/2022 18:45
Ի՞նչ սխալներ են մարդիկ թույլ տալիս շոգ եղանակին և ո՞ր սովորություններից պետք է հրաժարվել ամռանը
Մարդիկ ամռան տապից ու շոգից պաշտպանվելու համար ամենատարբեր միջոցների են դիմում, սակայն հաճախ դժգոհում են, որ դրանք արդյունավետ չեն։ Պատճառն այն է, որ շատերը պարզապես տուրք են տալիս տարածված մի քանի սովորությունների, որոնք ընդունված է համարել շոգից պաշտպանվելու արդյունավետ միջոց, այնինչ իրականում դրանք չեն օգնում։
Այդպիսի սովորություններից է ամռանը սառույցով ջուր խմելը։ Իրականում սենյակային ջերմաստիճանի ջուրը ու նույնիսկ տաք ըմպելիքը ավելի շատ են օգնում ամռանը։ Սառույցով ջուրը կամ ըմպելիքը խախտում են քրտնարտադրության պրոցեսը, մարմինն սկսում է ավելի շատ ջերմություն պահպանել, և հակառակը՝ տաք ըմպելիքը շոգ եղանակին խթանում է մարմնում ջերմաստիճանի բաշխումը, քրտնարտադրությունը նորմալ է ընթանում, դա էլ իր հերթին օգնում է, որ մարմինը զովանա։
Բացի այդ, օրվա ընթացքում պարբերաբար սառույցով ջուր խմելը խոչընդոտում է մարսողության ընթացքում սննդային նյութերի կլանման բնականոն գործընթացին․ օրգանիզմը «շեղվում» է մարսողության պրոցեսից ու կենտրոնանում մարմնի և ընդունած ջրի ջերմաստիճանի կարգավորման վրա։ Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը 36,6 աստիճանն է, և երբ նա շատ ցածր ջերմաստիճանի որևէ բան է օգտագործում, օրգանիզմը փորձում է «փոխհատուցել»՝ ավելի շատ ռեսուրս ծախսել մարմնի ջերմաստիճանը կարգավորելու համար։
Նույն կերպ մասնագետները խորհուրդ են տալիս շոգ եղանակին սառը ցնցուղի փոխարեն՝ տաք ջրով լոգանք ընդունել, իսկ օրվա ընթացքում տաք թեյ խմել։
Բժիշկ-թերապևտները կլիմայական սովորական գոտիներում ապրողներին խորհուրդ են տալիս օրական 1,5 – 2 լիտր ջուր խմել, իսկ ամռանը՝ կես լիտրով ավելի, սակայն սրտանոթային, երիկամների հետ կապված հիվանդություններ ունեցողները օրական 2 լիտրը չպետք է գերազանցեն։
Չպետք է չարաշահել նաև քաղցր և գազավորված ըմպելիքները։ Դրանք առաջին պահին թվում է՝ հագեցնում են ծարավը, սակայն հետո այն ավելի շատ է զգացվում․ քաղցր ըմպելիքն իրականում ծարավ է առաջացնում։
Մեկ այլ սխալ սովորություն, որն ընդունված է համարել շոգից պաշտպանվելու միջոց։ Ամբողջ օրվա ընթացքում տան պատուհանները բաց պահելը սխալ է։ Առավոտյան դրանք պետք է փակել ու ծածկել վարագույրով, որպեսզի օրվա ընթացքում տապը ներս չթափանցի։ Կարելի է բաց պահել միայն այն պատուհանը, որը բնակարանի ստվերոտ անկյունում է, որտեղից արևը ներս չի թափանցում և որի դիմաց, օրինակ, ծառ է աճում։ Տան արևոտ հատվածների պատուհանները բաց պահելու դեպքում ցերեկը բնակարանի ջերմաստիճանը կարող է ավելի բարձր լինել, քան դրսում է։ Պատուհանները պետք է բաց պահել երեկոյան ժամերին ու ըստ անհրաժեշտության՝ գիշերը, սակայն հետևել, որ միջանցիկ քամի չլինի։
Մեկ այլ խորհուրդ՝ կապված օդափոխիչների (вентилятор) հետ։ Մարդիկ հաճախ պտտվող օդափոխիչները դնում են սենյակի կենտրոնում՝ փորձելով այդկերպ զով օդ ապահովել տարածքում։ Իրականում օդափոխիչը պետք է դնել բաց պատուհանի մոտ, որը բնակարանի կամ գրասենյակի ստվերոտ հատվածում է և օրվա ընթացքում միշտ բաց է լինում։ Օդափոխիչը պետք է տեղադրել այնպիսի դիրքով, որ քամին անընդհատ չփչի ուղիղ մարդու վրա։
Շատ շոգ եղանակին փակ տարածքում օդը խոնավեցնելու արդյունավետ միջոց է սենյակի մի անկյունում սառը ջրով լի տարա դնելը։ Ջուրը կխոնավեցնի օդն ու նույնիսկ մի փոքր կզովացնի սենյակը։ Բացի այդ, այս մեթոդն անվնաս է՝ ի տարբերություն սենյակում անընդհատ պտտվող օդափոխիչի։
Մի քանի այլ կարևոր խորհուրդներ՝ ամռանը պետք է կրել սպիտակ կամ բաց երանգների, ազատ հագուստ, ցանկալի է՝ բնական կտորից, դնել թեթև լայնեզր գլխարկներ։
Շոգ եղանակին հարկավոր է հետևել սննդակարգին․ հրաժարվել ճարպոտ, յուղոտ ու տապակած կերակրատեսակներից, նախապատվություն տալ բանջարեղենին ու մրգին։
Ջերմային հարված ստանալու դեպքում պետք է ստվերոտ անկյուն գտնել ու դանդաղ, սակայն շատ ծավալով ջուր խմել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։