16/06/2022 12:50
Վրանները իրենց գործը կատարել էին, շարժումը վրանների համար չէր, վրաններն էին շարժման համար․ Իշխան Սաղաթելյան
Շարժումը վրանների համար չէր, վրաններն էին շարժման համար, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք որոշում ենք կայացրել, որ հրապարակում պետք է ստեղծենք դիմադրության առաջին օջախը, այս հրապարակից կազմակերպենք պայքարը, հսկայական արդյունք ենք ունեցել այդ վրանները տեղադրելով։ Եկել էր մի պահ, երբ պետք է գնահատեինք ստեղծված իրավիճակի և վրանների արդյունավետության հարցը» , - ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, թե լինում են պահեր, երբ գալիս է ծանր որոշումներ ընդունելու հարցը։
«Մեր խնդիրը ոչ թե վրաններով մեր վճռականությունը ցույց տալն էր, այլ այս պայքարը արդյունավետ կազմակերպելը, մեզ համար հեշտ չէր այդ որոշումը ընդունելը, բայց մենք պատասխանատու ենք այս շարժման վերջնաարդյունքի համար, գոյություն ուներ նպատակահարմարության և արդյունավետության հարց» , - ասաց Սաղաթելյանը։
Ինչ վերաբերում է քաղաքացիներին, որոնք մտածում են, թե պայքարը կարող է թուլանալ, Սաղաթելյանն ասաց, որ կհամոզեն հակառակը.
«Վրանները իրենց գործը կատարել են, մեր քաղաքացիների ուժերը հիմա այլ տեղերում են մեզ պետք, կհամոզվեք, որ պայքարի արդյունավետությունը պայմանավորված չէր վրաններով»։
Իսկ շարժումը, ըստ Սաղաթելյանի, հետքայլ չի անում, չի դադարում, դրանք միայն խոսակցություններ են, պարզապես մարտավարությունն է փոխում։