16/06/2022 17:51
Ալիևը փորձում է իրավիճակը մանիպուլացնել՝ բանակցությունների սեղանի շուրջ հաղթական խաղաքարտեր ունենալու համար. Քաղաքագետ
Բնական է, որ ստեղծված իրավիճակում Ալիևը Հայաստանին պետք է նոր պատերազմով վախեցնի։ Երբ նա հայտարարում է, որ ԼՂ կարգավիճակի մասին ցանկացած հիշատակում կհանգեցնի նոր առճակատման, փորձում է մանիպուլացնել իրավիճակը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանի նախագահը նման հայտարարությամբ հանդես գալուց առաջ, հավանաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբից և հատկապես ՌԴ-ից ինչ-ինչ ազդակներ է ստացել։
«Հիմա Ալիևը փորձում է իրավիճակը մանիպուլացնել՝ բանակցությունների սեղանի շուրջ հաղթական խաղաքարտեր ունենալու համար։
Այս փուլում Ադրբեջանի ղեկավարի նման պահվածքը կասկածելի է»,- ասաց մեր զրուցակիցը։
Արթուր Ղազարյանի խոսքով՝ ԼՂ կարգավիճակի մասին հայտարարելով՝ Ալիևն այս պահին միանգամից մի քանի ազդակի է սպասում՝ Ռուսաստանից, Արևմուտքից՝ ի դեմս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, և, իհարկե, Հայաստանից։
«Կախված նրանից, թե ինչ ազդակներ կլինեն, Ադրբեջանն ըստ այդմ կորոշի իր հետագա քայլերը։ Ալիևն այժմ գնդակը նետել է ԵԱՀԿ Մինսկի խմբի և Հայաստանի դաշտ և սպասում է պատասխանի»,- ասաց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր. «Ձեռք է բերվել յուրահատուկ բանավոր պայմանավորվածություն, որ ոչ ոք չի խոսելու ԼՂ կարգավիճակի մասին։ Կարգավիճակի մասին ցանկացած հիշատակում կհանգեցնի նոր առճակատման»։