16/06/2022 09:47
«Հրապարակ». Ջենիֆեր Լոպեսը և Էնրիկե Իգլեսիասը կգան Հայաստան
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայա» փառատոնի շրջանակներում մոտ օրերս Հայաստան կժամանեն և մենահամերգով հանդես կգան աշխարհահռչակ աստղեր։ Հունիսի 25-ին Երևանում համերգ կտա աշխարհահռչակ ֆրանսիացի երգչուհի Զազը, հուլիսի 1-ին նախատեսված է ռեպեր 50Cent-ի համերգը։ «Հայա» փառատոնի, ինչպես նաև «Երևանյան հեռանկարներ» նախագծի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սա դեռ ամենը չէ, այժմ բանակցում են այլ համաշխարհային աստղերի հետ ևս, որ նրանց էլ «բերեն» Հայաստան։ Օրինակ՝ Ջենիֆեր Լոպեսի, Էնրիկե Իգլեսիասի, ապագայում՝ նաև Շակիրայի հետ։ Այս պահին բանակցում են Լոպեսի և Իգլեսիասի հետ, աշնանը նրանց ևս կհյուրընկալեն Երևանում։
«Բայց հիմա մտածում եմ, որ ավելի լավ է՝ իրենցից մեկը հիմա գա, մյուսը մնա եկող տարի։ Լոպեսի մասով բանակցում ենք հոկտեմբերի առաջին շաբաթվա համար», - ասաց նա՝ նշելով, որ երկուսի հետ էլ արդեն պայմանագրային փուլի են հասել և ամեն օր սպասում են դրական պատասխանի։ Սոնա Հովհաննիսյանն ասաց նաև, որ այս աստղերը մեր տարածաշրջան առաջին անգամ են այցելելու, հարևան երկրներ՝ Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, նրանք չեն գնացել և այս պահին դեռ նախատեսած այց չունեն, ինչը շարժել է հատկապես ադրբեջանցիների նախանձը։ Նկատենք նաև, որ նշված աստղերը մոտ են իրենց կարիերայի ավարտին, և նրանց ռեյտինգը միջազգային շոուբիզնեսում շատ բարձր չէ»։