16/06/2022 12:13
Ավելացել են մարզիկների և մարզիչների թոշակն ու դրամական մրցանակները
Ազգային Ժողովի նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նախորդ տարվա պետական բյուջեի հաշվետվության շրջանակում ներկայացրել է նաև 2021 թ. սպորտի և երիտասարդության ոլորտներում կատարված աշխատանքները:
Վահրամ Դումանյանն ընդգծել է՝ Կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահել նաև այս ոլորտները՝ կյանքի կոչելով մի շարք կարևոր միջոցառումներ:
Մասսայական սպորտի խթանման նպատակով անցկացվել են մարզական միջոցառումներ
Զանգվածային (մասսայական) սպորտին ուղղված միջոցառումների շրջանակում 2021 թվականի ընթացքում իրականացվել են սիրողական խճուղային հեծանվավազքի և սիրողական կրոսավազքի՝ ՀՀ Վարչապետի գավաթները, «Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղեր» զանգվածային մարզական միջոցառումները, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 3294 մարդ: Նախարարի խոսքով՝ միջոցառումներն իրականացվել են մարզերում՝ նպատակ ունենալով ներգրավել նաև մարզային բնակչությանը։ Նա նաև նշել է, որ այս տարի կընդլայնվի այս ծրագրերի թե՛ անվանացանկը և թե՛ մասնակիցների քանակը։
Ավելացվել են մարզիկներին և նրանց մարզիչներին հատկացվող անվանական թոշակն ու դրամական մրցանակները
ՀՀ կառավարության որոշմամբ կրկնապատկվել է ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին հատկացվող անվանական թոշակը:
Աճել են մեդալակիր մարզիկներին և մարզիչներին տրվող դրամական մրցանակների չափերը։ Պարգևատրվել են ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները:
«2021 թվականին իրավական ակտերում կատարված փոփոխությունների արդյունքում 2022 թվականից աճել են ՀՀ հավաքական թիմերի մարզիչների և միջազգային մրցաշարերում բարձր արդյունքների հասած մարզիկների պատվովճարներին և անվանական թոշակներին ուղղված գումարները՝ պայմանավորված ինչպես պատվովճար ստացող չեմպիոնների ցանկում նոր շահառուների ընդգրկմամբ, այնպես էլ տրամադրվող պատվովճարների և պարգևավճարների չափի ավելացմամբ»,- ասել է Վահրամ Դումանյանը:
Ոլորտում իրականացվել են աշխատանքներ նաև օլիմպիական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովման, հաշմանդամային սպորտի զարգացման, ազգային ֆեդերացիաներին, մարզական-հասարակական կազմակերպություններին, ազգային հավաքականներին պետական աջակցության տրամադրման ուղղություններով:
199 մեդալ, որից՝ 55 ոսկե, 57 արծաթե և 87 բրոնզե
2021 թ ընթացքում ՀՀ հավաքականների տարբեր տարիքային խմբերում (մեծահասակների, երիտասարդների և պատանիների) մարզիկները, մասնակցելով օլիմպիական խաղերին, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, նվաճել են ընդհանուր առմամբ 199 մեդալ, որից՝ 55 ոսկե, 57 արծաթե և 87 բրոնզե մեդալ:
Պետական աջակցություն է տրամադրվել նաև հաշմանդամություն ունեցող մարզիկներին, որոնք մասնակցել են 5 միջազգային մրցումների, այդ թվում՝ Տոկիոյի ամառային պարալիմպիկ խաղերին, իսկ հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությունում ընդհանուր հաշվով մեր հավաքականը նվաճել է 3 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ։