17/06/2022 16:20
Orion Summit 2022-ին միացել են էկոհամակարգային լուծումներով առաջնորդվող համաշխարհային ու հայաստանյան առաջատարները
Երևանում հունիսի 22-ին կկայանա Orion Summit 2022-ը, որի առանցքային ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում: Էկոհամակարգային լուծումները հնարավորություն են ընձեռում բիզնեսներին և ֆիզիկական անձանց, անկախ ոլորտից, ներկայանալ ծառայությունների առավել լայն շրջանակով:
Կարևորելով Orion Summit-ի դերը հայաստանյան էկոհամակարգերի ստեղծման ու զարգացման գործում` Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցը` Ամերիաբանկը, որպես Platinium հովանավոր միանում է Orion Summit 2022-ին` համատեղելու ջանքերը թվային էկոհամակարգերի դերն ու նշանակությունը ներկայացնելու համար։
Ամերիաբանկը Հայաստանի ֆինանսական շուկայում միակն է, որ ներդրել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ: Դրանով իսկ Ամերիան առաջինը Հայաստանում ապահովում է հաճախորդի անհատական խնդրի ամբողջական լուծմանն ուղղված հարմարավետ ուղի էկոհամակարգերի` թվային նպատակային հարթակների միջոցով:
«Գնահատելով Orion Summit-ի դերը հայաստանյան էկոհամակարգերի ստեղծման ու զարգացման գործում` մենք մեծ պատրաստակամությամբ միացել ենք Summit-ին` մեկ անգամ ևս խոսելու այս ուղու կարևորության մասին և կիսվելու թվային էկոհամակարգերի ու լուծումների համախմբի ստեղծման մեր արդեն իսկ անցած ճանապարհով ու փորձով: Օրիոնն աջակցում է անկախ ստարտափների առաջխաղացմանը, իսկ մենք ստեղծում ենք ստարտափային միջավայր, հիմնում ենք ստարտափներ հենց ընկերության ներսում։ Եվ այժմ միավորում ենք մեր ուժերը Հայաստանի թվային ներուժն արժևորելու և այդ մասին բարձրաձայնելու համար: Մասնակցելով գագաթնաժողովին` միաժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ անհրաժեշտ է փոփոխություն նաև մարդկանց մտածելակերպի, աշխարհայացքի և ընկերությունների կորպորատիվ մշակույթի մեջ»,- նշել է Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը:
Երևանում կայանալիք գագաթնաժողովին կմասնակցեն նաև տեխնոլոգիական, ֆինանսական և այլ ոլորտների ընկերություններ, բիզնեսի և միջազգային ճանաչում ունեցող ստարտափների հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և փորձառու մասնագետներ: Գագաթնաժողովի այցելուները հնարավորություն կունենան լսելու բանախոսների համաշխարհային առաջատար ընկերություններ Adobe-ից, SADA-ից, Embodied-ից, cognaize-ից, Scylla-ից, Grand Thornton-ից, Startup Lithuania-ից և այլն:
«Գագաթնաժողովը կքննարկի տեխնոլոգիական բիզնես-աշխարհի ամենաարդիական թեմաները, որոնք կարևոր են նաև հայաստանյան ստարտափների համար: Orion Summit-ը գործարքներ կնքելու հարթակ է դառնում: Սկսում ենք Երևանից, մյուս տարի այն տեղի կունենա Նյու Յորքում, իսկ հաջորդ տարի՝ Ֆրանկֆուրտում: Նպատակն է հայկական ծագում ունեցող ստարտափներին խոշորագույն համաշխարհային ընկերությունների տեսադաշտում հայտնվելու, համագործակցելու հնարավորություն տալ»,- նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը:
Գագաթնաժողովի գլխավոր բանախոսն է ներդրումային բանկերի և ֆինանսական խորհդատվության ոլորտում ճանաչված մասնագետ Մարկ Չենյանը: Միջոցառումը կբացեն Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը, Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Բանախոսներին կմիանա նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: