17/06/2022 09:41
«Հրապարակ». Աննա Վարդապետյանի թեկնածության առաջադրումը անակնկալի է բերել անգամ ՔՊ-ական պատգամավորներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Աննա Վարդապետյանի թեկնածության առաջադրումը գլխավոր դատախազի պաշտոնում անակնկալի է բերել անգամ ՔՊ-ական պատգամավորներին։ Երբ ՔՊ խմբակցության չաթում պատգամավորներին տեղեկացրել են, որ հունիսի 16-ին հանդիպելու են այդ աղջկա հետ, ով գլխավոր դատախազի թեկնածուն է, շատերը նույնիսկ տեղը չեն բերել, թե ով է նա։
Հետաքրքրվել են և պարզել, որ նա հանրությանը հայտնի է Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեցի գործով քննիչին սկանդալային ու անօրինական հրահանգ իջեցնելու պատմությամբ: Եվ չնայած անցած տարիներին դատախազի թեկնածուների հետ օրենսդիրների հանդիպումն անցնում էր անշլագ մթնոլորտում, բոլորը ներկա էին լինում, երեկ ՔՊ խմբակցության մոտ կեսը ներկա չի եղել Վարդապետյանի հետ հանդիպմանը:
Իսկ փակ հանդիպումն ավելի շատ ճանաչողական բնույթ է կրել, թեկնածուն իր կենսագրականն է ներկայացրել, խոստացել է անաչառ ու անկաշկանդ լինել: Իսկ դատախազական և իրավապահ համակարգում ուղղակի խուճապ է՝ Վարդապետյանի անփորձությունը և կամակատարությունը կարող են մեծ ավերածությունների պատճառ դառնալ։ Գործող դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 16-ին»։