17/06/2022 13:57
Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող. Արմեն Գրիգորյան
Հունիսի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստը։
Նեղ և ընդլայնված կազմով քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումները, ՀԱՊԿ տարածաշրջանում համատեղ հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ առաջնայնություն ներկայացնող հարցեր։
Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել է Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային միջավայրի մասին։ Ա․ Գրիգորյանը, մասնավորապես, նշել է, որ դեռևս տարածաշրջանը մարտահրավերներով լի է, ինչը պայմանավորված է հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է Հայաստանի տեսակետները և մոտեցումները տարածաշրջանում անվտանգային իրավիճակը կայունացնելու և առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ։
Ա․Գրիգորյանն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումը, մասնավորեցնելով մայիսի 28-ին ադրբեջանական զորքերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքը, ինչի արդյունքում զոհվել էր ՀՀ ԶՈՒ-ի զինծառայող։
Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ բարձրացնում է, այսպես կոչված, Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցք» բացելու հարցը, և Գրիգորյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող։ Նա նաև ընդգծել է, որ համաձայն Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ բոլոր հայտարարությունների՝ նոյեմբերի 9, հունվարի 11 և նոյեմբերի 21, չկա որևէ հիշատակում միջանցքների մասին։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ և հիմնահարցի համապարփակ լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Նիստի ավարտին՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների որոշմամբ, հաստատվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների 2023 թվականի համատեղ պատրաստության պլանը:
Հավանության է արժանացել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումը՝ «Наемник» օպերատիվ-կանխարգելիչ գործողությանը տալ ՀԱՊԿ մշտապես իրականացվող գործողությունների կարգավիճակ, որը ներկայացվելու է երկրի ղեկավարների հավանությանը։