17/06/2022 18:00
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը:
Կներկայացվեն մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ֆիլմեր հեղինակավոր կինոփառատոններից։ Ամենատարբեր ծրագրերի ընթացքում մոտ 100 ֆիլմ կցուցադրվի։
Փառատոնը կունենա երեք մրցութային ծրագիր։
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։
Լիամետրաժ ֆիլմերի ժյուրիի կազմում ընդգրկված են Ամստերդամի վավերագրական ֆիլմերի փառատոնի (IDFA) տնօրեն Օրվա Նիրաբիան, օպերատոր, Կաննի կինոփառատոնի օպերատորական մրցանակի դափնեկիր Վլադիսլավ Օպելյանցը, իսպանացի ռեժիսոր, Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակի դափնեկիր Իսակի Լակուեստան, Կաննի կինոփառատոնի մասնակից, «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը։
Փառատոնին Հատուկ մասնակցելու համար Հայաստան կժամանեն պատվավոր հյուրեր։
Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, փակման արարողությունը՝ նույն համերգասրահում՝ հուլիսի 17-ին։