17/06/2022 12:52
Որքան հայկական կողմը պահպանի իր կրավորական կեցվածքը, այնքան Ալիևի հոխորտանքներն ու շանտաժն ավելի հեռու են գնալու. Կարեն Վրթանեսյան
Ադրբեջանի նախագահը Հայաստանի նկատմամբ շանտաժ է բանեցնում և նա շանտաժի քաղաքականությունն ամենևին նոր չի սկսել։ Մյուս կողմից, որքան հայկական կողմը պահպանի իր կրավորական կեցվածքը, այնքան Ալիևի հոխորտանքներն ու շանտաժն ավելի հեռու են գնալու, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ եթե իրենց Զանգեզուրի միջանցքի թույլտվությունը չտրվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին։
«Նա արդեն սովորել է, որ մեզ հետ սպառնալիքի լեզվով է խոսելու և խոսում է։ Սա վերջ չունի, քանի որ Ադրբեջանի ախորժակն անսահման է», - ասաց մեր զրուցակիցը։
Կարեն Վրթանեսյանի համոզմամբ՝ քանի դեռ Հայաստանում իշխանափոխություն չի եղել, Իլհամ Ալիևի՝ սպառնալիքների և շանտաժի լեզվով մեզ հետ խոսելու պրակտիկան շարունակվելու է։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահն ավելի վաղ հայտարարել էր՝ «Զանգեզուրի միջանցքի» վաղ բացումը տարածաշրջանում խաղաղության ապագայի հիմնարար տարրերից մեկն է։
«Եթե մեզ այս թույլտվությունը չտրվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին, և Ադրբեջանի բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի հետ նորմալ համակեցություն և բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, կտապալվեն»։
Ադրբեջանը, նրա խոսքով, իրավունք ունի պահանջելու բացել «Զանգեզուրի միջանցքը», քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարություն։