17/06/2022 09:57
«Հրապարակ». Ցանկանում են ընդդիմադիրներին ԱԺ հանձնաժողովների նախագահների ու փոխխոսնակի պաշտոններց զրկել, բացի Թագուհի Թովմասյանից
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ գրել էինք, որ ՔՊ խմբակցության նիստում քննարկվել է ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը: Մանդատներից զրկելու առաջարկը միանշանակ չի ընդունվել։ Ասել են՝ միջազգային կառույցների կողմից դա լավ չի ընկալվի, սակայն մեծամասնությունը կողմ է եղել պաշտոններից զրկելուն․ խոսքը հանձնաժողովների նախագահների ու ԱԺ փոխխոսնակի պաշտոնի մասին է:
ՔՊ-ականներն իրենց այդ քայլը կներկայացնեն իբրև բյուջեի տնտեսում և կշեշտեն, թե հերիք չէ՝ աշխատանքի չեն գալիս, դեռ մի բան էլ ի պաշտոնե շարքային պատգամավորներից բարձր են վարձատրվում, օգտվում ծառայողական ավտոմեքենաներից: Երեկ իշխող խմբակցության ղեկավարը հաստատել է այս լուրերը: Եվ չնայած 2 խմբակցությունները 3 հանձնաժողով են ղեկավարում, ՔՊ-ականների թիրախում հատկապես Վահե Հակոբյանն է՝ տնտեսական հանձնաժողովի նախագահը, և տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը: Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին ՔՊ-ում «սվոյ» են համարում, «բացի այդ՝ նա շարժման օրերին խորհրդարան էր գալիս, նիստեր անում»:
Բայց առանցքայինն ԱԺ փոխխոսնակի պաշտոնից Իշխան Սաղաթելյանի հետկանչն է: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահի տեղակալին հետ կանչելու մասին ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ձայների մեծամասնությամբ: Մշտական հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի լիազորությունները դադարեցնելու որոշումը ևս ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Իսկ հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները կարող են դադարեցվել հանձնաժողովի որոշմամբ»։