17/06/2022 10:10
«Ժողովուրդ». Ինչու է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը խիստ զայրացրել Կոնդի բնակիչներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը խիստ զայրացրել է Կոնդի բնակիչներին: Պատճառը Երևանի ավագանուն ներկայացված նախագիծն է, ըստ որի՝ թիվ 1, 5 պոլիկլինիկաները և «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ն միանալու են թ. 4 պոլիկլինիկային: Կոնդեցիների պատմելով՝ այս միավորման իրական հեղինակը Երևանի քաղաքապետի թեկնածու, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է: Այս լուրն այնքան է զայրացրել բնակիչներին, որ նրանք վստահեցնում են, որ որևէ դեպքում թույլ չեն տա Ավինյանի մտադրությունները կյանքի կոչել և պոլիկլինիկայի շենքը վերածել հյուրանոցի: Բացի այդ, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու նախագծի հեղինակ, փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը չեն բարեհաճել բնակիչների հետ նախապես քննարկել պոլիկլինիկաների միավորման ծրագիրը:
Բնակիչներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, թե ինչպես է իմացել փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի ու պոլիկլինիկայի բուժանձնակազմի հետ թաքուն հանդիպման մասին: Ըստ որոշ տեղեկությունների՝ Սիմոնյանը վախեցել է բնակիչների հետ հանդիպել, քանի որ ասել են՝ իրեն Կոնդից կվռնդեն, չմտնի այդ թաղամաս: «Ինքը չի էլ եկել բնակիչների հետ հանդիպելու, ես հարևանուհուս խնդրեցի՝ պոլիկլինիկայից ճշտի՝ մամայիս դեղերը կա՞ն, թե՞ ոչ, ինքն էլ զանգեց ասաց՝ գիտես, փոխքաղաքապետը պոլիկլինիկայում է: Վազեցի պոլիկլինիկա. պարզվեց՝ եկել է բուժանձնակազմի հետ հանդիպման՝ միավորման հարցը քննարկի, իսկ բնակիչների հետ չի բարեհաճել հանդիպի: Հարցրեցի՝ դու ինչ իրավունք ունես նման բան անելու, ինչո՞ւ բնակիչների հետ չես քննարկել: Բան չուներ ասելու, դեմքիս էր նայում: Բայց դե պնդեցի, որ մեզ ընդունի, հաջորդ օրը մի քանի հոգով գնացինք քաղաքապետարան՝ հանդիպման, վիճեցինք», - պատմեց կոնդեցի Նառան»։