17/06/2022 14:52
Հակամարտության գոտում գտնվելու հանգամանքն Արցախի հայերին չի կարող զրկել իրենց համընդհանուր հիմնարար իրավունքներից. ԱԳ նախարարը՝ ԵԽ Գլխավոր քարտուղարին (Տեսանյութեր)
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԳՆ-ում տեղի ունեցած առանձնազրույցում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
«Շեշտել եմ, որ 2020 թ. ԼՂ հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու փորձ կատարելով, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելով, Ադրբեջանը կոպտորեն խախտել է ԵԽ-ին անդամակցությամբ իր իսկ ստանձնած պարտավորությունները, այս հանգամանքը պետք է համարժեք արձագանք գտնի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների կողմից», - ԱԳՆ-ում հանդես գալով համատեղ հայտարարությամբ՝ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարը նշեց, թե ԵԽ գլխավոր քարտուղարի հետ առանձնազրույցում վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։
«Արցախի ժողովուրդն ունի նույնպիսի իրավունքներն, ինչ՝ բոլորը, և հակամարտության գոտում գտնվելու հանգամանքը Արցախի հայերին չի կարող զրկել իրենց համընդհանուր հիմնարար իրավունքներից», - ասաց Միրզոյանը։
ԵԽ Գլխավոր քարտուղարն ասաց, թե ողջունում են Փաշինյանի և Ալիևի հայտարարությունները, որոնք վերաբերում են սահմանազատման աշխատանքներին։
«Պետք է վստահության և հաշտեցման հասնենք, բոլոր նախաձեռնություններն այս ուղղությամբ ողջունելի են և պետք է օժանդակություն ստանան», - ասաց Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։