17/06/2022 12:44
Անհրաժեշտ է, որ խաղաղության բանակցություններում չարհամարհվեն հայկական կողմի հիմնարար իրավունքներն ու կարիքները. եվրոպական կազմակերպությունները նամակ են ուղղել Շառլ Միշելին
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ հունիսի 16-ին եվրոպական 91 կազմակերպություններ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում Եվրոպական Միության անդամ երկրներում, նամակ են հղել Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ հայտնելով իրենց խոր դժգոհությունը նրա վերջին հայտարարության առնչությամբ, որը հրապարակվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ 2022 թվականի մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից հետո։
«Կազմակերպությունները ողջունում են Շառլ Միշելի կողմից խաղաղությանն ուղղված միջնորդական ջանքերը: Այնուամենայնիվ, նրանք անհրաժեշտ են համարում, որ խաղաղության բանակցությունները հիմնված լինեն արդարության վրա, երբ չեն արհամարվի հայկական կողմի հիմնարար իրավունքներն ու կարիքները, նամանավանդ, որ վերջինս 2020թ․ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ագրեսիայի զոհ է դարձել:
Նամակը ստորագրած կազմակերպությունները ցավում են, որ մայիսի 23-ի հայտարարությունն արհամարհում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ-ի փաստաթղթավորված մոտեցումների հիմնական սկզբունքները: Սա վերաբերում է նաև այն փաստին, որ օգտագործվում է «Ղարաբաղ» անորոշ ձևակերպումը «Լեռնային Ղարաբաղի» փոխարեն, որը կոնկրետ տարածք ունեցող քաղաքական միավոր է։ Նամակում մանրամասն ադրադարձ է կատարվում այն հանգամանքին, որ Ադրբեջանի կողմից «Ղարաբաղ» ձևակերպման օգտագործումը միտված է պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտման քաղաքականության սպասարկմանը:
Անդրադառնալով 2022 թվականի մայիսի 31-ին Շառլ Միշելի մամուլի խոսնակի հայտարարությանը՝ կազմակերպությունները երախտագիտություն են հայտնում, որ այն կարևոր պարզաբանումներ է մտցրել և ընդգծել հիմնարար սկզբունքներ։
Կազմակերպությունները հույս են հայտնում, որ ԵՄ-ի ապագա միջնորդությունը կհանգեցնի արդար և տևական խաղաղության հասնելու բանակցությունների մեկնարկին: Այդ նպատակով կոչ է արվում Եվրոպական խորհրդի նախագահին միջնորդությունը հիմնել վեց կոնկրետ կետերի վրա: Նամակին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ», - ասվում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հաղորդագրությունում։