17/06/2022 16:51
Չեմ կարծում, որ VivaCell MTS-ը մուտք է գործել Արցախ ընդամենը 2 տարի գործելու նպատակով և հիմա էլ հեռանում է. Արցախի ԱԺ պատգամավոր
Հուլիսի 1-ից Արցախում Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունները հասանելի կլինեն միայն ռոումինգի շրջանակներում։
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է այս թեմային։
«Տարիներ շարունակ մենք տարբեր խնդիրների էինք հանդիպում «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մատուցած ծառայությունների հետ կապված: Մենաշնորհի արդյունքում անորակ ու թանկարժեք կապը այլընտրանք չէր տալիս բնակչությանը: Բարձրացվող հարցերին միշտ ստանդարտ պատասխաններ էին տալիս. այլ օպերատոր ներդրում չի ուզում անել, Արցախում դա շահութաբեր չէ և այլն:
2020 թվականի պատերազմից հետո VivaCell MTS-ի կապը Արցախում սկսեց լիարժեք (առանց ռոումինգի) գործել: Արցախցին առաջին անգամ սկսեց զգալ, որ պարտադիր չէ եկամուտի զգալի մասը վճարել որակյալ կապ ու համացանց ունենալու համար: Առաջին անգամ արցախցին և Արցախի հյուրերը զգացին, որ Արցախը արտասահման չէ, և առանց ռոումինգի էլ է հնարավոր օգտվել կապի ծառայություններից: Առաջին անգամ արցախցին հնարավորություն ունեցավ օգտվելու 4G շարժական համացանցից: Մրցակցային պայմաններում ՂՏ-ն սկսեց հայտարարել, որ ներդրումներ է կատարում ծառայությունների որակի բարձրացման նպատակով: Հատուկ ընդգծում եմ՝ մրցակցության պայմաններում:
Այսօր հայտարարություն է տարածվում, որ VivaCell MTS-ի ծառայությունները հուլիսի 1-ից Արցախում պետք է գործեն ռոումինգի պայմաններում, ասել է թե՝ վերադարձ դեպի մոնոպոլիա: Չեմ կարծում, որ VivaCell MTS-ը մուտք է գործել Արցախ ընդամենը 2 տարի գործելու նպատակով և հիմա էլ հեռանում է:
Ինչո՞ւ զրկել մեր քաղաքացիներին ընտրելու հնարավորությունից:
Ոչինչ մեզ դաս չի լինում»,-այս մասին Facebook-յան իր էջում գրել է Գեղամ Ստեփանյանը։