18/06/2022 17:30
Պերմանենտ դիմահարդարում․ ու՞մ է հակացուցված և ի՞նչ առավելություններ ու թերություններ ունի
Միշտ լինել գեղեցիկ դիմահարդարված, բայց առավոտյան աշխատանքի շտապելիս երկար չկանգնել հայելու առաջ՝ շպարվելու համար, լոգանք ընդունելիս, ծովում լողալիս չկորցնել դիմահարդարումն ու ամեն րոպե այնպիսի տեսք ունենալ, ասես հենց նոր ես դուրս եկել կոսմետոլոգիական սրահից։ Սա յուրաքանչյուր կնոջ երազանքն է, որը թվում է՝ իրականանալի է դարձել՝ պերմանենտ դիմահարդարման շնորհիվ։ Այն կարելի է համարել դեկորատիվ կոսմետիկայի այլընտրանքը։
Պերմանենտ դիմահարդարումը շատ նման է տատուաժին, քանի որ նույն սարքով է արվում, սակայն, ի տարբերություն դաջվածքների, պերմանենտ դիմահարդարման ժամանակ գործածվում են այլ բաղադրութամբ ներկանյութեր․ դրանք թափանցում են մաշկի միայն վերին շերտ և «հավերժ» դիմահարդարում ապահովում։
Ինչպես ցանկացած կոսմետոլոգիական մեթոդ, պերմանանետ դիմահարդարումն իր առավելություններից բացի, նաև թերություններ ունի, ուստի կոսմետոլոգիական սրահ այցելելուց առաջ հարկավոր է իմանալ դրանց մասին ու հիշել՝ ում է հակացուցված դիմահարդարման այս մեթոդը։
Պերմանենտ դիմահարդարմանն ամենից շատ դիմում են հոնքերը, աչքերն ու շուրթերն ընդգծելու համար։ Այս մեթոդին դիմող կանայք ամենից հաճախ խնդրում են փոխել հոնքերի ձևը, դրանց հավելյալ ծավալ ու ավելի հագեցած գույն հաղորդել։ Աչքերն ընդգծելու համար խնդրում են «սլաքներ» նկարել կամ ներկել թարթիչների միջև ընկած հատվածը, շուրթերին որոշակի երանգ հաղորդելով՝ շրթներկի «հավերժական» էֆեկտ են ստեղծում, հաճախ նաև եզրագծեր են անում շուրթերի շուրջբոլորը՝ ընդգծելով դրանք։
Պերմանենտ դիմահարդարման դիմելիս ամենակարևորը պրոֆեսիոնալ մասնագետ գտնելն է, այլապես արդյունքը չի գոհացնի։ Պետք է նաև մանրամասն հետաքրքրվել՝ ինչ ներկանյութեր է գործածում մասնագետը, որքանով են դրանք անվնաս։
Պերմանենտ դիմահարդարումը, որպես կանոն, ցավոտ ու մի փոքր տհաճ պրոցես է, ուստի լավ մասնագետը պարտավոր է նվազեցնել մաշկի որոշակի հատվածների զգայնությունը՝ հատուկ միջոցներով։ Շուրթերի պերմանենտ դիմհարդարումը սովորաբար ավելի ցավոտ է լինում, քան հոնքերինը, սակայն յուրաքանչյուր մարդու մոտ ցավի շեմը տարբեր է։ Շատ կանայք պնդում են, որ պերմանենտ դիմահարդարումը սահսափելի ցավոտ է, մի մասն էլ ասում է, որ թեթևակի ցավը լիովին տանելի է, և բոլորը համակարծիք են այն հարցում, որ գեղեցկությունը «զոհեր» է պահանջում։
Պերմանենտ դիմահարդարում անել կարելի է միայն ֆիզիկապես առողջ լինելու դեպքում։ Օրինակ՝ մրսածության, վիրուսային հիվանդությունների առկայության կամ դաշտանային ցիկլի ժամանակ պետք է հրաժարվել այս պրոցեդուրայից։
Պերմանենտ դիմահարդարումը հակացուցված է նաև հղիներին, արյան հիվանդություններ ու շաքարախտ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, վիրուսային հեպատիտներ, սրտանոթային լուրջ խնդիրներ, չարորակ ուռուցքներ, մաշկային հիվանդություններ ունեցողներին, էպիլեպտիկներին։
Որքա՞ն է պահպանվում պերմանենտ դիմահարդարումը․ որպես կանոն, մոտ 3 տարի, որոշ դեպքերում՝ մինչև 7, դա առավելագույն ժամանակահատվածն է։ «Ժամկետն» ավարտվելուն մոտ դիմահարդարումը սկսում է կորցնել իր վառ ու արտահայտիչ գույնն ու ձևը, քանի որ ժամանակի ընթացքում պիգմենտները ներծծվում են մաշկի մեջ։ Մարդու նյութափոխանակությունից ու մաշկի առանձնահատկություններից ևս շատ բան է կախված։
Պետք է նաև հիշել՝ պերմանենտ դիմահարդարումը պրոցեսն ավարտելուց անմիջապես հետո չի տալիս այն արդյունքը, որին սովորաբար սպասում են։ Միջինը 2-4 շաբաթ է անհրաժեշտ, որպեսզի այն ամբողջությամբ վերջնական ձև ստանա։ Այդ ժամանակ էլ կարող են տեսանելի դառնալ այն թերությունները, որոնք թույլ են տրվել բուն պրոցեդուրայի ընթացքում, կարող է նաև որոշակի շտկումների անհրաժշտություն առաջանալ։
Շտկումներ՝ կորեկցիա հարկավոր է անել՝ ցանկացած պարագայում։ Սովորաբար դրա կարիքն զգացվում է մեկ տարուց։
Շատ կանայք պերմանենտ դիմահարդարում անելուց որոշ ժամանակ անց սկսում են «ձանձրանալ» նույն տեսքից ու դիմահարդարման նույն ձևից, որն ընտրել են՝ ի սկզբանե։ Թեպետ արդեն ամեն օր դիմահարդարվելու կարիք չկա, սակայն միապաղաղությունը նույնպես հոգնեցնում է։ Այս դեպքում արտաքին տեսքը փոխել հնարավոր է մասնակի։ Կոպերի եզրագծերը հեռացնել կամ եզրագծերի ձևը փոխել չի ստացվի, միակ փոփոխությունը կարելի է անել շուրթերի դեպքում՝ դրանց շրթներկի օգնությամբ մի փոքր այլ երանգ հաղորդելով։
Իսկ ահա վերջնական դիմահարդարումից հետո, եթե արդյունքը չի գոհացնում, դրանից ազատվելն ու պերմանենտ դիմահարդարումը «ջնջելը» բավականին բարդ է։ Եթե շտկումների միջոցով փոքր թերությունները հնարավոր է վերացնել, ապա դիմահարդարումն ամբողջությամբ մաքրելու համար պետք է դիմել թանկարժեք միջոցների, օրինակ՝ լազերի։ Ուստի պերմանենտ դիմահարդարում անելուց առաջ երկար պետք է մտածել բոլոր այս հետևանքների մասին ու մանրակրկիտ ընտրել կոսմետոլոգիական սրահն ու մասնագետին, որը ձեզ «հավերժական» դիմահարդարում կապահովի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։