18/06/2022 20:05
Այս իշխանության հեռացումից հետո մեր առաջնային խնդիրներից է լինելու մեր բանակի մարտունակության, երբեմնի հեղինակության բարձրացումը․ Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյաննն անդրադարձավ խորհրդարանում վարչապետ Փաշինյանի՝ օրեր առաջ հնչեցրած ելույթին, որի ժամանակ նա նշել էր, որ Հայաստանին ոչնչացնել ցանկացողների թիվն ավելի շատ է, քան կարելի է պատկերացնել, սակայն Հայաստանը և իր ղեկավարած կառավարությունը շարունակում են առաջ շարժվել խաղաղության օրակարգով։ Փաշինյանը միաժամանակ ասել էր, որ որևէ մեկը երաշխիք չունի, որ խաղաղության օրակարգով շարժվելու դեպքում պատերազմ չի լինի։
«Մեկ ու կես տարի՝ հետպատերազմյան ողջ ժամանահատվածում, նախընտրական ժամանակահատվածում, ընտրություններից հետո այս իշխանությունը շարունակում էր հասարակությանը խաբել, որ մեր ժողովրդին տանում է խաղաղության, ոչ թե պատերազմի ճանապարհով, իսկ այսօր մեզ բոլորիս բացահայտ ասում է՝ ես ձեզ խոստացել եմ խաղաղություն, բայց որևէ մեկը երաշխիք չունի, որ պատերազմ չի լինի։ Ավելին, նրա ողջ հռետորաբանությունն ուղղված է նրան, որ մեր թշնամիները, մե ոչնչացնել ցանկացողները շատ են, և որևէ երաշխիք չունենք, որ խաղաղությունը կպահպանվի»,- այս առնչությամբ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։
Տիգրան Աբրահամյանն ընդգծեց՝ իրենք պատերազմից հետո բազմիցս բարձրաձայնել են անվտանգության վերականգնման, բանակի մարտունակության բարձրացման անհրաժեշտության մասին։
«Հետպատերազմյան ժամանակահատվածում ռազմական գործիչները, ոլորտային մասնագետները խոսում էին բանակի վերականգնման, մարտունակության մասին, իսկ այս իշխանությունն, իր ողջ ռեսուրսը դրած, փորձում էր բոլորին համոզել, թե ընդդիմությունը երկիրը տանում է պատերազմի, արկածախնդրության։ Մեր նպատակն էր, որն այսօր ևս պնդում ենք, հետևյալը․ որ մեր երկրում խաղաղության օրակարգ կարող ենք բերել միայն այն ժամանակ, երբ մեր երկիրն ունենա հզոր, ամուր, ուժեղ, անվտանգության համակարգ։
Մեր պաշտպանվածությունը կարող ենք մեծացնել, եթե նույնիսկ պատերազմ լինի, այն պատերազմը կանխել կամ ժամանակին դադարեցնել, երբ մեր երկիրն ունենա ուժեղ, մարտունակ բանակ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց՝ այս իշխանության հեռացումից հետո իրենց առաջնային խնդիրներից է լինելու հայկական բանակի մարտունակության, երբեմնի հեղինակության բարձրացումը։