18/06/2022 20:55
Նոր իշխանությունները աշխարհի համար հասկանալի իմաստ են դնելու Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում․ Արտակ Զաքարյան (Տեսանյութ)
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ պատասխանեց հաճախ հնչող հարցերից մեկին՝ ի՞նչ է փոխվելու, երբ գործող իշխանությանը հեռացվի։
«Պատասխանը հստակ է՝ Հայաստանը կրկին ունենալու է արտաքին քաղաքականություն, ինչը վերջին 4 տարիներին չի ունեցել»,- ասաց Արտակ Զաքարյանը։
Նա ընդգծեց՝ ճշգրիտ և հավասարակշռված, նպատակային արտաքին քաղաքականությունը մեր անվտանգության, հաստատուն խաղաղության, կայնության, բարօրության, անկախության, ազգային արժանապատվության և մեր ժողովրդի բոլոր իրավունքների իրացման գլխավոր երաշխիքն է։
«Նոր իշխանությունները նոր որակ, նոր ինքնություն, նոր ազգային ոգի, ճկուն միտք, համառ ջանքեր և աշխարհի համար հասկանալի իմաստ են դնելու Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում»,- ասաց Ատակ Զաքարյանը։
Հայաստանի հաջորդ կառավարության առաջնային խնդիրն է լինելու ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակումը, որն ամբողջությամբ պետք է համապատասխանի աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և տա Հայաստանի ու Արցախի առջև ծառացած բոլոր մարտահրավերների պատասխանները, նշեց նա՝ հավելելով, որ Դիմադրության շարժումն արդեն այսօրվանից պետք է ձեռնամուխ լինի այդ փաստաթղթի նախագծի հիմնական դրույթների մշակմանը։