18/06/2022 12:33
Սանկտ Պետերբուրգում ստորագրվել է մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծման պայմանագիրը
Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ ֆորումին մասնակցելու նպատակով այս օրերին ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում է գտնվում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Այցի շրջանակում Երևանի քաղաքապետն ու «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը ստորագրել են Երևանի մետրոյի նոր՝ Աջափնյակ կայարանի նախագծման պայմանագիրը:
Կարևորելով ծրագրի իրականացումը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ համայնքի նախաձեռնած տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում մետրոպոլիտենի զարգացումն առանձնակի նշանակություն ունի:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին գումարված նիստում Երևանի ավագանին հավանություն տվեց մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար 554 մլն. դրամ հատկանելու որոշման նախագծին: