18/06/2022 20:42
Յուրաքանչյուրիս ուսերին ավելացրել են մոտ 1 000 ԱՄՆ դոլար պարտքի բեռ․ Թադևոս Ավետիսյան
Մեր երկրում նախորդ չորս տարիներին սոցիալական ավելացող խնդիրների հիմնական պաճառներն են պոպուլիզմը, սուտը, բոլոր ոլորտներում համատարած ձախողումները, անպատասխանատվությունը, սեփական իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքը, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ մեր տարածաշրջանում միայն Հայաստանը չկարողացավ վերականգնել 2020 թվականի սոցիալ-տնտեսական խորը անկումը։ 2020 թվականի հունվարից հետո չեն բարձրացրել նվազագույն աշխատավարձը, աղքատության նպաստների, կենսաթոշակների հիմնական չափերը։
«Նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը 2022 թվականի ապրիլ-մայիսին կազմել է 78 200 դրամ։ Աշխատողների 25 տոկոսն ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 68 000 դրամ։ Ավելին՝ գնաճի տեմպերն ահագնանում են։
2022 թվականի մայիսին աննախադեպ աճել են սննդամթերքի գները։ Սրան պետք է ավելացնել կոմունալ ծառայությունների սակագների աճը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Թադևոս Ավետիսյանը հիշեցրեց նաև իշխանության խոստումների մասին։
«Մեզ խոստանում էին տնտեսական հեղափոխություն, երկնիշ աճ, սակայն նախորդ 4 տարիներին մեր երկրի ՀՆԱ-ի տարեկան միջին աճը կազմել է ընդամենը 2,8 տոկոս։ Այս ընթացքում երկնիշ աճել է պետական պարտքի ցուցանիշը՝ հասնելով մոտ 9,5 մլրդ ԱՄՆ դոլարի։ Այսինքն՝ յուրաքանչյուրիս ուսերին ավելացրել են շուրջ 1 000 ԱՄՆ դոլար պարտքի բեռ»,- ասաց նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը վստահություն հայտնեց՝ Հայաստանում կա լիարժեք հնարավորություն կայուն զարգանալու համար՝ առանց հայրենիքը զիջելու։
«Պետության դերն ու մասնակցությունն այս հարցում պետք է դառնան առանցքային, գրագետ, այլևս ոչ երբեք՝ կրավորական, անտարբեր և անպատասխանատու»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։