18/06/2022 10:59
96 տարեկանում կյանքից հեռացել է թատերագետ, բանասեր և մատենագետ Բախտիար Մարդանի Հովակիմյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 96 տարեկանում կյանքից հեռացել է թատերագետ, բանասեր և մատենագետ Բախտիար Մարդանի Հովակիմյանը։
Բախտիար Հովակիմյանը ծնվել է 1926 թ․ մայիսի 1-ին Տավուշում։ 1947 թ․ նա ավարտել է Լ․ Երամյանի անվան Բաքվի հայկական թատրոնի դրամատիկական ստուդիան, իսկ 1952 թ․՝ Երևանի թատերական ինստիտուտը։
1953-1958 թվականներին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում։ 1958-2008 թվականներին՝ ԳԱԹ-ի թատերական բաժնում, որը գլխավորել է 1963 թվականից։
Նրա վաստակը նշանակալի է արխիվային գործի, հայ թատրոնի փաստագրման ոլորտներում: Ուշագրավ են Պ. Ադամյանին, Սիրանույշին, Հովհ. Աբելյանին և հայ բեմի այլ երախտավորներին նվիրված նրա հոդվածներն ու աշխատությունները: Անգերազանցելի է նրա աշխատասիրությամբ կազմված «Հայոց ծածկանունների բառարան»-ը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Բախտիար Հովակիմյանի ընտանիքի անդամներին և մերձավորներին: