18/06/2022 14:45
«Կուս» լարային քառյակը համերգով հանդես կգա Երևանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ հունիսի 18-ին՝ ժամը 19։00-ին, գերմանական «Կուս» լարային քառյակը բացառիկ համերգային ծրագրով հանդես կգա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ քառյակը միջազգային հեղինակություն վայելող բազմաթիվ երաժիշտների կողմից համարվում է համաշխարհային բեմերի ամենահետաքրքիր երաժշտախմբերից մեկը։
Եևանյան համերգին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր Արմեն Մանասյանը տեղեկացրել է, որ «Կուս» քառյակի համերգային ծրագրերը միշտ առանձնանում են իրենց կոնցեպտուալ և բովանդակային խորությամբ, փոխկապակցվածությամբ։ Այդպիսին է նաև երևանյան համերգային ծրագիրը․ երեկոյի ընթացքում կհնչեն Յոզեֆ Հայդնի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ֆրանց Շուբերտի, Լեոշ Յանաչեկի, Կոմիտասի, Բելա Բարտոկի, Դյորդ Կուրտագի ստեղծագործությունները։
Արմեն Մանասյանը նշել է, որ գերմանական «Կուս» լարային քառյակի երևանյան այցի շրջանակում, բացի համերգից, կիրականացվի մշակութային իրադարձությունների մի ամբողջ շարք, այդ թվում՝ երաժշտության խնդիրների շուրջ քննարկում «Կուս» քառյակի ջութակահարներ Յանա Կուսի և Օլիվեր Ուիլլեի հետ:
Այն տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հունիսի 17-ին՝ ժամը 19:00-ին: Բացի դրանից՝ կկայանան կամերային անսամբլի վարպետության դասեր: Իրականացվելու է միաժամանակ 4 վարպետության դաս, յուրաքանչյուրը՝ «Կուս» քառյակի անդամներից մեկի գլխավորությամբ։ Վարպետության դասերը կանցկացվեն հունիսի 19-ին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը շնորհակալություն է հայտնել քառյակի երաժիշտներին՝ Հայաստան այցելելու առթիվ.
«Վստահ եմ, որ համերգը լեփ-լեցուն դահլիճ կունենա, շատ լավ կընդունվի ունկնդրի կողմից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գերակայություններից մեկը նմանօրինակ նախաձեռնություններին աջակցելն է»,- նշել է Սվետլանա Սահակյանը։
Քառյակի հիմնադիրներից Օլիվեր Ուիլլեն էլ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար.
«Երկրորդ անգամ ենք Հայաստան այցելում և շատ ուրախ ենք։ Համավարակի ընթացքում համերգներ և ճանապարհորդություններ չկային, իսկ հիմա արդեն հանդես ենք գալիս համերգներով: Այս համերգի ընթացքում նաև կներկայացնենք Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործության մշակումը»:
«Կուս» քառյակը բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել իր ստեղծագործական գործունեության ընթացքում։ 2019 թվականին «Կուս»-ն այն բացառիկ քառյակներից էր, որին շնորհվել է Ստրադիվարիուսի կողմից ստեղծված «Պագանինի» քառյակի գործիքների ժամանակավոր օգտագործման իրավունքը։ Միլիոնավոր դոլարներ արժեցող գործիքակազմն օգտագործելու պատիվը շատ քչերին է ընձեռվում․ գործիքները դարերի պատմություն ունեն, յուրաքանչյուրն ունի իր անհատական անունը։