18/06/2022 14:50
Արցախցի կինը գումարի, Iphone 11-ի, օծանելիքների և պայուսակի դիմաց տեղեկություններ է տրամադրել օտարերկրյա հատուկ ծառայությանը (Տեսանյութ)
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից ծավալած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արցախի Հանրապետւթյան քաղաքացի, պետական համակարգի աշխատակից Ա.Հ.-ի հետ, 2021թ. մայիսին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով, ներկայանալով որպես արտասահմանյան գիտահետազոտական համալսարանի աշխատակից, կապ է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչ, ով առաջարկել է գումարի դիմաց նրա համար հավաքել ՀՀ-ում և ԱՀ ում տիրող իրավիճակի, աոանձին դեպքերի և գործընթացների վերաբերյալ տեղեկություններ, որոնք իբրև պետք է օգտագործի իր գիտական աշխատանքներում:
«Ա.Հ.-ն ընդունելով նրա առաջարկը սկսել է նրան տրամադրել որոշակի տեղեկություններ Արցախում տիրող իրավիճակի, սոցիալական ծրագրերի, Արցախ այցելող օտարերկրյա քաղաքացիների և այլնի վերաբերյալ: Որոշ ժամանակ անց, օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի հրավերով և ֆինանսավորմամբ Ա.Հ.-ն 2021 թվականի հոկտեմբերի 23-ին մեկնել է Ուկրաինայի Հանրապետության ք. Կիև, որտեղ հանդիպել է օտարերկրյա հատուկ ծառայության 2 աշխատակցի հետ, արդեն իսկ տրամադրած տեղեկությունների դիմաց նրանցից ստացել է 400 ԱՄՆ դոլար գումար ու թանկարժեք օծանելիք և պայամանավորվածություն ձեռք բերել ամսական 300 ԱՄՆ դոլար գումարի դիմաց շարունակել տրամադրել նրանց հետաքրքրոդ տեղեկություններ:
Կիևից վերադառնալուց հետո, Ա.Հ.-ի համագործակցությունն օտարերկրյա հատուկ ծառայության հետ ստացել է այլ երանգ, վերջինս սկսել է գործել հստակ առաջադրանքներով, որոնց կատարման արդյունքում փոխանցել է տեղեկություններ, որոնք թեև պետական գաղտնիք չեն հանդիսանում, բայց կարող են օգտագործվել ՀՀ և ԱՀ արտաքին անվտանգության դեմ:
2022թ. հունվարի 28-ին, Ա.Հ.-ն օտարերկրյա հատուկ ծառայության կողմից կատարված աշխատանքի համար վարձատրություն ստանալու և հրահանգավորվելու նպատակով, նրանց հրավերով և ֆինանսավորմամբ մեկնել է Վրաստանի Հանրապետություն ք. Թբիլիսի, որտեղ նրանց հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ստացել է 1500 ԱՄՆ դոլար գումար և ստորագրել նրանց հետ համագործակցելու պարտավորագիր, ինչպես նաև թանկարժեք նվերներ՝ օծանելիք, պայուսակ և Iphone 11 մոդելի հեռախոս, որում տեղադրված էր հատուկ ծրագիր, որի միջոցով վերջինս հետագա համագործակցության ընթացքում փոխանցել է նրանց առաջադրանքով հավաքած տեղեկությունները:
Այսպիսով Ա.Հ-ն մինչ ս.թ. մայիսի 25-ը օտարերկրյա հատուկ ծառայության առաջադրանքով, երբեմն էլ իր նախաձեռնությամբ, հավաքել և փոխանցել է Արցախի Հանրապետության տնտեսական վիճակի, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների սոցիալական, քաղաքական իրադրությունների և առանձին գործընթացների, Արցախի ԱԳՆ-ի գործունեության, կառուցվածքի և ղեկավար կազմի, Արցախում տեղակայված ՌԴ Խաղաղապահ զորքերի, հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի, պատերազմի արդյունքում բռնի տեղահանված ԱՀ քաղաքացիների քանակի, պետության կողմից նրանց տրվող աջակցության, Արցախում տիրող մթնոլորտի և առանձին գործընթացների վերաբերյալ տեղեկություններ, որոնք զգալի վնաս են հասցրել ԱՀ արտաքին անվտանգությանը:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ակտիվ և հետևողական գործունեությունը, հավաստիացնելով, որ նմանատիպ դեպքերի բացահայտումը և խափանումը ծառայության առաջնահերթությունն ու հիմնական ուղղությունն է, միաժամանակ հիշեցնելով, որ ԱՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածով, այն է Պետական դավաճանությունը, նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա, իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով, օժանդակել է հետագա վնասը կանխելուն, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում», - ասված է ԱԱԾ հաղորդագրությունում: