20/06/2022 11:42
Ապարանում երկու անձի սպանության կասկածանքով 32-ամյա տղամարդ է ձերբակալվել
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ապարան քաղաքում երկու անձի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դրդապատճառը:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
32-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և հանգամանքները պարզելու ուղղությամբ: