20/06/2022 19:46
Ձայնագրությամբ հաստատվեց, որ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունները զրո լեգիտիմություն ունեն. Արամ Վարդևանյան (Տեսանյութ)
Այն փոքր հույսը, որը կարող էինք ուեննալ դատական համակարգի վերաբերյալ, այսօր այդ բոլոր հույսերը ոչնչացվեցին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ այսօր հրապարակված հայտնի ձայնագրությանը։
«Գագիկ Ջհանգիրնյանը հիմա պատկերացնո՞ւմ է՝ ինչ պատկերացում են կազմելու իրավաբան-գիտնականի կերպարի վերաբերյալ։ Դուք այդ բառամթերքը լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք, թե նա ինչպես է արտահայտվում ԲԴԽ-ի մասին․ մի կառույցի, որտեղ ինքն ընտրվել էր։
Երկրորդը՝ այս ձայնագրությամբ հաստատվեց, որ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունները զրո լեգիտիմություն ունեն։ Մարդն այդ ձայնագրության մեջ ասում է, որ իր «վզին դրել են», որ ինքն այդ գործը պետք է անի. գործն էլ այն է, որ Քոչարյանը, «Դաշնակցությունը» չգան իշխանության»,- ասաց Վարդևանյանը։
Պատգամավորի խոսքով՝ Ջհանգիրյանը րոպե առաջ պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից, նրա նկատմամբ քրեական հետապնդում պետք է հարուցվի։
Արամ Վարդևանյանը միաժամանակ հարց ուղղեց Հայաստանում ԱՄՆ և ԵՄ դեսպաններին՝ արդյոք նրանք գիտե՞ն, թե ում հետ են փորձել այսքան ժամանակ Հայաստանում դատական բարեփոխումներ կատարել։
«Ի վերջո, Գագիիկ Ջհանգիրյանը խոսում է, որ ինքը կարող է գործեր «տորմուզ» տալ կամ ընթացք տալ»,- ասաց ԱԺ պատգամավորը։