20/06/2022 15:48
Ջհանգիրյանը հացի սեղանի շուրջ մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում. ԲԴԽ-ն արձագանքում է Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրությանը
Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բացառիկ ձայնագրություն հրապարակեց իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։
ԲԴԽ-ն կարճ անդրադարձել է թեմային։
«Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների` հայտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում:
Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության», - ասված է ԲԴԽ հայտարարությունում։
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունն էլ է անդրադարձել թեմային՝ հայտարարելով, թե ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։