20/06/2022 14:27
Գլխավոր դատախազությունը Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունն ուղարկել է Քննչական կոմիտե
Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բացառիկ ձայնագրություն հրապարակեց իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։
ՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է թեմային՝ հայտարարելով, թե ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։
«Այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակվել է ձայնագրություն իրեն վերաբերող քրեական գործի որոշ հանգամանքների վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում այդ ձայնագրությունը վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նկատի ունենալով, որ քննարկվող քրեական գործով, որի շրջանակներում Ռ. Վարդազարյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, նախաքննությունը կատարվել է նախկին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից, ով ներկայում շարունակում է աշխատել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ տվյալ քրեական գործը հարուցվել է ներկայիս ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի հաղորդման հիման վրա:
Հանձնարարվել է նաև ապահովել ստւգվող դրվագին առնչվող բոլոր հանգամանքների պատշաճ հրապարակայնություն:
Ինչ վերաբերում է ասուլիսի ընթացքում պարոն Վարդազարյանի կողմից «փազելի տեղն ընկնելու» տրամաբանությամբ արված՝ պաշտոնավարումն ավարտելուց հետո ՀՀ գործող գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԲԴԽ-ն ղեկավարելու մասին հայտարարություն-ենթադրություններին, ապա հարկ եմ համարում հստակ պարզաբանել, որ Արթուր Դավթյանի հետ նման հարց չի քննարկվել», - այս մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանի տարածած հայտարարությունում։