20/06/2022 19:04
Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում․ թույլ չենք տալու խախտել «կարմիր գծերը»․ Բաբայան
Արցախը չի կարող լինել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Արցախի կորուստը կբերի աշխարհաքաղաքական լանդշաֆտի անկանխատեսելի, հիմնարար փոփոխությունների, որից հետո լրիվ այլ, գլոբալ հավասարակշռություն է ստեղծվելու, ըստ «Արցախպրես»-ի՝ ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Բաբայանի խոսքով՝ աշխարհաքաղաքականությունն ուզելով, կամ չուզելով չէ, այն ունի իր կանոնները, «աշխարհաքաղաքականությունը բալանս է, համապատասխան ռեակցիան է այս կամ այն ուժային կենտրոնների»:
«Մենք մտել ենք աշխարհաքաղաքականության դարաշրջան, որտեղ գաղափարները, նորմերը դժբախտաբար դարձել են երկրորդական, եթե ոչ երրորդական, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է իմանանք մեր անցյալն ու ներկան, որովհետև մեր ամենամեծ խնդիրը մենք ենք: Պետք է հասկանանք ինչ ունենք, պետք էլ իմի բերենք այդ ամենը»,-ասել է Դավիթ Բաբայանը՝ այդ ճանապարհին կարևորելով սկզբունքայնությունը:
«Ամեն ինչ կախված է մեզանից․թե ինչ քաղաքականություն ենք վարելու: Մենք կանգնելու ենք մինչև վերջ և երբեք թույլ չենք տալու խախտել այդ կարմիր գծերը»,- հավելել է Արցախի արտգործնախարարը: