20/06/2022 19:27
ԱՄՆ-ն Ղարաբաղի հարցում պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն խնդրի խաղաղ ու տևական կարգավորման․ ԱՄՆ փոխպետքարտուղար
Չնայած Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Միացյալ Նահանգները խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Ղարաբաղի հարցում պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն խնդրի խաղաղ ու տևական կարգավորման, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը։
«ԱՄՆ-ը շարունակում է ասել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին: Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ կարևոր է, որ մենք տարբեր ձևաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը: Եվ մենք կշարունակենք դա անել առաջիկայում»,- հավելել է ԱՄՆ փոխպետքարտուղարը:
Հարցին՝ դա կանեն համագործակցելով Ռուսաստանի հե՞տ, Քերըն Դոնֆրիդը պատասխանել է․. «Այո՛։ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է: Այնպես որ, այո՛: Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն այդ ձևաչափը»։
Դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահը դեմ է ԵԱՀԿ ՄԽ գործունեությանն ու ասում է, որ դրա կարիքը չկա, Դոնֆրիդն արձագանքել է՝ ասելով․
«Դե, Ադրբեջանը չի աջակցում Մինսկի խմբի համանախագահության գործընթացին։ Միացյալ Նահանգներն աջակցում է, և մենք մասնակցում ենք այդ գործընթացին և կշարունակենք մասնակցել»։
ԱՄՆ փոխպետքարտուղարը տեղեկացրել է՝ Մինսկի խմբի թեման բարձրացրել է նաև Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպման ընթացքում, այլ մանրամասներ, սակայն, նա չի փոխանցել։