20/06/2022 19:58
Բելառուսն ու Ռուսաստանը պետք է սուվերեն ֆինանսական համակարգ ստեղծեն․ Սավինիխ
Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությունը պետք է ունենա սուվերեն ֆինանսական համակարգ, հայտարարել է Ռուսաստանի և Բելառուսի միության խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ, Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխը։
«Վաղուց ժամանակն է հրաժարվել արտարժույթի գործածումից՝ ստեղծելով առևտրային մատակարարումների հաշվարկման մեր սեփական համակարգը և ունենալ լիովին ինքնիշխան ֆինանսական համակարգ»,- ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ հենց այստեղ են ոլորտային կայուն զարգացման լուրջ ռեսուրսները և երկարաժամկետ ներդրումների աղբյուրները։ Անդրեյ Սավինիխը տեղեկացրել է նաև, որ 2021 թվականին Բելառուսի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը ռեկորդային՝ 38 միլիարդ դոլարի է հասել, աճի տեմպերը պահպանվում են, այնինչ ապրանքաշրջանառությունը, նախկինի նման, դոլարով է հաշվարկվում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելառուսն ու Ռուսաստանը փոխադարձ առևտրի որոշ ոլորտներում, այդ թվում՝ ռուսական էներգառեսուրսների դիմաց հաշվարկներում անցում են կատարել ռուսական ռուբլուն։