20/06/2022 17:02
Վրաստանում տարանցիկ ճանապարհներից օգտվելու վճարը բեռնատարների համար կթանկանա․ 2021 թվականին Հայաստան բեռներ է տեղափոխել 88 000-ից ավելի բեռնատար
Վրաստանի իշխանությունները որոշել են տարանցիկ ճանապարհներից օգտվելու վճարը բեռնատարների համար 200-ից դարձնել 350 լարի։ Որոշումը հրապարակվել է երկրի օրենսդիր մարմնի կայքում և գործում է այսօրվանից։
Վրացական իշխանությունների որոշմամբ՝ տուրքի վճարումից ազատվում են միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք բեռների փոխադրումն իրականացնում են նավահանգստից դեպի մաքսային հսկողության մոտակա գոտի՝ 10 կմ հեռավորության վրա և հակառակ ուղղությամբ։
Վրացական bm.ge հարթակը, հղում անելով երկրի ֆինանսների նախարարությանը, նշել է, որ օրական Վրաստանով անցնում է ավելի քան 900 բեռնատար։ 2021 թվականին վրացական միջանցքից օգտվել է 332 000 բեռնատար, որոնք 66,4 միլիոն լարի են վճարել երկրի պետբյուջե։
88 000-ից ավելի բեռնատարներ բեռներ են տեղափոխել դեպի Հայաստան, 68 367-ը՝ Ադրբեջան, 41 425-ը՝ Թուրքիա։