20/06/2022 12:25
«Ինչու եմ դարձել թիրախ, ինչու է քաղաքական որոշում կայացվել, որ չպետք է աշխատեմ ԲԴԽ նախագահի պաշտոնում». Ռուբեն Վարդազարյանը բացառիկ ձայնագրություն հրապարակեց (տեսանյութ)
Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարում է, թե ինքը ԲԴԽ-ում զրկվել է ապացույց ներկայացնելու իրավունքից։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, թե ինքը ԲԴԽ-ի՝ հունիսի 16-ի նիստին չի ներկայացել, քանի որ առողջական խնիդրներ է ունեցել, իսկ, երբ ներկայանար, միջնորդելու էր, որ նիստը լինի դռնփակ։
«Ես պատրաստվում էի հրապարակել մի ձայնագրություն, որից ես զրկվել եմ», - ասաց նա ու այսօրվա ասուլիսի ժամանակ հրապարակեց ձայնագրությունը։
Ըստ նրա՝ այդ ձայնագրությունից պարզ կդառնա, թե ինչու է ինքը դարձել թիրախ, թե ինչու է քաղաքական որոշում կայացվել, որ ինքը չպետք է աշխատի ԲԴԽ նախագահի պաշտոնում։
Ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։
Վարդազարյանը զգուշացրեց, որ ձայնագրությունում ոչ հարիր բառապաշար է օգտագործվում։